Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը պահանջում է «Արմեն ճամբարը» վերադարձնել հայերին

Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանն իր վրդովմունքն է արտահայտել Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Արմեն ճամբար» ­-ի տարածքի նկատմամբ հսկողություն սահմանած երիտասարդների վրա անհայտ անձանց կողմից իրականացված հարձակման առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, Դողանն ընդգծել է, որ հայկական որբանոցի պահպանման համար տարվող դիմադրության խորհրդանշական` 100-­րդ օրն իրականացված հարձակումն ի ցույց է դնում դրա խորքային պատճառները: Քեմալական կուսակցության հայ պատգամավորը նշել է, որ «Արմեն ճամբարը», չնայած խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տված խոստմանը, չի վերադարձվում իրական տերերին:

Դողանը հայտարարել է, որ քանի դեռ հարձակման իրական մեղավորները չեն հայտնաբերվել, դրանց պատասխանատուն մնում է իշխանությունը: «Որբ հայ երեխաների, այդ թվում և Հրանտ Դինքի կողմից կառուցված և հասարակության շրջանում այդքան կարևոր տեղ զբաղեցնող «Արմեն ճամբար»­ն անհապաղ պետք է վերադարձվի իր տերերին»,- նշել է Դողանը` հավելելով, որ հայկական որբանոցը դարձել է խորհրդանիշ ոչ միայն հայերի, այլև ժողովրդավարական արժեքների համար պայքարող ուժերի համար:

Օգոստոսի 13-­ի գիշերը` 23.30­-ին անհայտ անձինք երկու մեքենաներով եկել են որբանոցի տարածք և «Քամփ Արմեն»­ում հերթապահող երկու անձի ծեծի են ենթարկել: «Նոր Զարթոնք» նախաձեռնության անդամները վստահեցրել են, որ ցեղասպանական գիտակցության ապացույցը հանդիսացող այս հարձակումը չի կոտրի իրենց դիմադրությունը: «Հայտնում ենք հասարակությանը, որ «Արմեն ճամբարի» դիմադրությունը նույն վճռականությամբ շարունակելու ենք: Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր բոլոր ընկերներին աջակցել « Արմեն ճամբարի» դիմադրությանը»,­- նշել են նրանք:

Scroll Up