«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կազմակերպված ճամբարում այս տարի հանգստացել են Հայաստանի եւ Արցախի թվով 72 աշակերտներ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/015-300x225.png)
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված վեցերորդ «Ամառային ճամբար» ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Արցախի թվով 72 աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում: Ծրագիրը, որի շահառուներն են մասնավորապես սոցիալապես անապահով եւ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները, մեծապես նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց անհատական, մտավոր, ֆիզիկական զարգացմանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Գեղատեսիլ բնության գրկում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից եւ Բերձորից ժամանած թեքեյանցիներին, որոնք ութ օր շարունակ ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:
Հետաքրքիր ու բովանդակալից էր արշավը դեպի 13-րդ դարում հիմնադրված Տրդատավանք վանական համալիր: Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցություն ունեցան նաեւ գիտակների մրցույթին, սպորտային խաղերին, ճամբարի օլիմպիական խաղերին, «Ձեզ տեսնենք, աղջիկներ» եւ «Ձեզ տեսնենք, տղաներ» մրցութային ձեռնարկներին, ինչպես նաեւ ազգագրական երգերի ու պարերի փառատոնին: Լավագույն մասնակիցները խրախուսվեցին եւ պարգեւատրվեցին շնորհակալագրերով:
Հանգստի վերջին օրը նույնպես ակտիվ էր` բոլոր չորս Թեքեյան դպրոցները հրաժեշտ տվեցին ճամբարին իրենց ելույթներով: Նրանք մյուս ճամբարականներին ներկայացրին իրենց քաղաքների ու դպրոցների պատմությունը, այս ամենը համեմելով երգ ու պարով, ասմունքով ու կատակներով: Իսկ երեկոյան վառվեց հրաժեշտի խարույկը: Բաժանումը հուզիչ էր, լի արցունքներով եւ ջերմ խոսքերով. դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հոգատար «Արագածից», ուր իշխում են սերն ու բարությունը, ժպիտն ու ծիծաղը:
Հուսանք, որ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Ամառային ճամբար» ծրագիրը, որն աշակերտներին պարգեւում է անկրկնելի հանգիստ, անջնջելի տպավորություններ ու նոր գիտելիքներ, կլինի հարատեւ: