Թուրքիայում կոալիցիոն կառավարություն չի կազմվի

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների միջև կառավարական կոալիցիա չի կազմվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ, իշխող կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն:
«ՀԺԿի հետ ի սկզբանե տարաձայնություններ ենք ունեցել արտաքին քաղաքականության և կրթության հարցում», ասել է Դավութօղլուն` նշելով, որ 12 տարվա ընդդիմություն հանդիսացող Քըլըչդարօղլուի հետ 12ամյա իշխանական կուսակցությունը չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Անհամաձայնությունը բնական երևույթ որակելով` երկրի վարչապետը նշել է, որ իրենք շարունակելու են ջանքեր գործադրել երկիրն առանց կառավարության չթողնելու համար: Դավութօղլուն հայտնել է նաև, որ ամենամեծ հավանականությունը վաղաժամ ընտրություններն են: Թուրքիայում հունիսի 7ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրութուններում ստանալով ընտրողների ձայների 40.8 տոկոսը` ԱԶԿ-ին չի հաջողվել միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատգամավորական աթոռներ զբաղեցնել խորհրդարանում: Այդ պատճառով Դավութօղլուն նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար սկսել է բանակցել 10 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունների՝քեմակալան Հանրապետական ժողովրդական (ՀԺԿ), Ազգայնական շարժում ևքրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ: Բանակցությունների ընթացքը բացառեց քրդական կամ ազգայնական կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Արդյունքում իշխող կուսակցությունը և քեմալականները նախապես ընտրված պատվիրակությունների մակարդակով 5 հանդիպում անցկացրին՝ քննարկելու կոալիցիա կազմելու շուրջ երկու կողմերի նախապայմաններն ու ցանկությունները: