Իսլամացած հայերը` Հայաստանի Հանրապետությունում

Սույն թվականի օգոստոսի 02-11-ը կանադահայ դաշնակահար, բարերար Րաֆֆի Պետրոսյանի հովանավորությամբ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցեցին նաև շուրջ 85 իսլամացած հայեր, ովքեր ժամանել էին Դիարբեքիրից, Դերսիմից, Սասունից և Խոպայից (ներկայիս Թուրքիայի Արդվին նահանգում գտնվող Խոպա քաղաքն ու գավառը հոծ կերպով բնակեցված է մահմեդական համշենահայերով):
Րաֆֆի Պետրոսյանի կողմից «Վերածնունդ» անվանված սույն նախագծի նպատակն է ապահովել իսլամացած հայերի վերադարձն իրենց արմատներին և նրանց ծանոթացնել հայկական մշակույթի և հայաստանցիների հետ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս, դարձյալ Րաֆֆի Պետրոսյանի հովանավորությամբ, «Արի տուն» ծրագրին մասնակցել էին 48 դիարբեքիրցի հայեր: Այս անգամ իսլամացած հայերը տարբեր շրջաններից էին, և նրանց մեջ կային նաև 8 համշենահայեր:
Իսլամացած հայերի խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ էր եկել Հայաստան: Կարևոր էր նաև, որ այս տարի նրանց այցը ոչ պատահականորեն համընկավ Վեցերորդ ամառային համահայկական խաղերի օրերի հետ:
Նրանք, ծրագրի համաձայն, այցելեցին Օշական` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզման, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի, Սարդարապատի հուշահամալիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ԵրևանիՄեսրոպՄաշտոցիանվանՄատենադարան, Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդավանք, Խոր Վիրապ, Նորավանք, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Եռաբլուր, Երևանի գազանանոց և Սևանավանք: Դարձյալ, ըստ ծրագրի, խումբն ամեն օր մասնակցում էր հայոց լեզվի դասընթացին:
Նույն օրերին Սփյուռքի նախարարության կազմակերպությամբ Րաֆֆի Պետրոսյանը նրանց համար համերգ տվեց Երևանի` Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:
Օգոստոսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանն իսլամացած հայերի համար հյուրասիրություն կազմակերպեց «Զվարթնոց» համալիրում: Երեկույթին մասնակցում էր նաև «Նուբար» համույթը, որը հանդես եկավ հայկական ժողովրդական երգերի և պարերի կատարումներով: «Նուբարը» ներկայացրեց նաև համշենահայկական պարեր, որին մեծ ոգևորությամբ մասնակցեցին համշենահայ հյուրերը:
Օգոստոսի 11-ին մի խումբ դիրաբեքիրցի հայեր այցելեցին նաև Հայաստանի Հանրային ռադիո կամ, իրենց խոսքերով ասած, «Երևանի ռադիո», որտեղ հյուրընկալվեցին ՀՀՌ գործադիր տնօրենի տեղակալ Ներսես Դավիդյանցի կողմից: Դիարբեքիրցիները Ռադիոտանը հարցազրույցներ տվեցին Հանրային ռադիոյի «Հայրենիք-սփյուռք. կամուրջ» ծրագրին և եզդիերեն հաղորդումների խմբագրին:
Իսլամացած հայերը Հայաստանի Հանրապետությունից հեռացան ջերմ տպավորություններով` շեշտելով հայաստանցիների հյուրընկալության, հայկական հարուստ մշակույթի առանձնահատկությունների և Երևանի տպավորիչ գեղեցկության մասին:
Մելինե Անումյան
Akunq.net