Մենք պատրաստ ենք ոչ միայն պաշտպանության, այլեւ կանխարգելիչ միջոցառումների. Սեյրան Օհանյան

Հայաստանի զինված ուժերը գերազանց կերպով են պաշտպանում սահմանները եւ զսպում հակառակորդի ակտիվությունը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ՀՀ սահմաններին եւ ԼՂՀ շփման գծում իրավիճակը վերահսկվում է: Բաքվում կայացած Եվրոպական խաղերի ժամանակ հակառակորդը որոշակի զսպվածություն էր դրսեւորում, բայց դրանից հետո լարվածությունը մեկ աճում է, մեկ թուլանում:

«Կրակ են բացում ոչ միայն հրաձգային զենքից, այլ նաեւ հրետանային զենքից եւ ականանետերից: Մեր հարեւանները կփորձեն դրանից իրենց համար ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել: Վերջին մի քանի օրերին արձանագրվել է մի քանի դիվերսիոն հարձակում: Հայկական զինված ուժերը կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել: Երկխոսության մեր կոչերին հակառակորդը պատասխանում է լարվածության աճով: Այդուհանդերձ,  ներ զինված ուժերի ստորաբաժանումները գիտեն իրենց առջեւ դրված խնդիրները եւ գերազանց են կատարում դրանք: Ցավոք, վերջին օրերին ունեցանք մեկ կորուստ եւ մեր սփոփանքի խոսքը պետք է ուղղենք զոհվածի հարազատներին: Մենք պատրաստ ենք ոչ միայն պաշտպանության, այլ նաեւ կանխարգելիչ միջոցառումներ ու զսպման համապատասխան մեխանիզմներ իրականացնել»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը:

Scroll Up