«Մարդ պետք է արտասվելիս էլ հպարտորեն արտասվի. ես հպարտ եմ իմ որդով …»,- ասում է վանաձորցի հերոսի մայրը
Օգոստոսի 2-ին լրացավ ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանի զոհվելու մեկ տարին: Ուղիղ մեկ տարի առաջ՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը, Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս 25-ամյա Զորիկ Գևորգյանը զոհվեց:
Վանաձորի ծայրամասում գտնվող զորամասային ավանում բոլորը ճանաչում են Զորիկին: Մեքենան կանգնում է հասցեում նշված շենքի մոտ: Պատշգամբից սևազգեստ մի կին է նայում: Հարցիս՝ ո՞րն է Զորիկենց տունը, ձեռքով է անում՝ արի, իմ աղջիկ…
Անցնում ենք հյուրասենյակ: Սենյակում լռությունը քարացել է: Թվում է՝ գիտես ինչ հարցեր ես տալու, բայց… Տիկին Հերմինեն ինքն է սկսում զրույցը, պատմում է որդու մասին՝ սկսած մանկությունից: Որդու մասին խոսելիս մոր աչքերը փայլում են: Պատմում է առանց դադարի, առանց հոգնելու՝ ասես ցանկանալով, որ մենք էլ ճանաչենք Զորիկին…
«Զորիկիս համար վատ մարդ չկար, բոլորի մեջ լավն էր տեսնում ու կարողանում էր քեզ էլ համոզել, որ իրոք լավն է: Երազկոտ էր շատ: Հանգիստ էր բնավորությամբ, սիրում էր երկար լսել:
Սիրում էր, որ ամեն ինչում ինքն առաջինը լինի: Դա երևի մեր տնից է եկել: Ինչ լինում էր, միշտ ասում էի՝ տղայիս: Առաջնեկս՝ դուստրս, երկու տարեկանում էր մահացել: Նրանից հետո Զորիկս շատ սպասված էր, շատ էի սիրում: Էգոիստի նման ուզում էի միայն ես սիրեմ, միայն ես դաստիարակեմ, պատժելուց էլ միայն ես պատժեմ…
Դպրոցում շատ լավ էր սովորում: Քույր ու եղբայր նույն դասարանում էին սովորում չնայած 1 տարվա տարբերությանը: Դեռ փոքրուց ամեն առավոտ մինչև դպրոց գնալը վազում էր: Ձմռանը տանը շատ ցուրտ էր լինում: Այնքան ցուրտ, որ լողասենյակում վաննայում ջրի երեսը սառչում էր: Վազում էր, հետո գալիս ու այդ սառած ջրով լողանում: Ասում էր՝ մա՛մ ջան, զակալյատսյա եմ լինում»:
Զինվորական գործի նկատմամբ սերը զինվորական մորեղբորից ու հորից է անցել Զորիկին: Դեռ մանկուց նա մասնակցել է զինվորների պարապմունքներին:
«Հոր հետ կրակայինի էին գնում: Գնալիս միշտ ասում էի՝ Զորի՛կ ջան, զենքին, փամփուշտներին ձեռք չտաս: Մի օր էլ եկավ, հագուստը փոխեց, մեկ էլ գրպանից մի փամփուշտ ընկավ: Զայրացա: Ասաց՝ մա՛մ ջան, խնդրում եմ պապային չասես էլի, ուզում եմ քրոջս՝ Անիի համար կուլոն սարքեմ: Դրա վրա խաչ էր փորագրել ու գրել քրոջ անվան առաջին տառը»,- հիշում է մայրը:
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ դիմելու լուրը մայրը դժգոհությամբ է ընդունել: Որդին, սակայն, չի երկմտել:
«Ասում էր՝ մա՛մ ջան, էն տղեն տղա չի, որ հարթած ճանապարհով է գնում: Դու պետք է ինքդ քո ճանապարհը հարթես»:
«Շատ ջերմ, ուրախ ընտանիք էր ընտանիքս: Միանգամից շուռ եկավ, միանգամից փոխվեց: Հիմա էլ ընտանիք չկա, միայն սգում ենք, մեկս մյուսիս երեսին ենք նայում, մղկտում ու մեկս մյուսիս ասում՝ պետք է դիմանանք,- վերջին բառերի հետ մայրը չի կարողանում զսպել արցունքները: Կարճ ժամանակ անց, սակայն, կարողանում է վերագտնել իրեն,- չեմ հավատում, որ էսօր մեր հետ չի իմ Զորիկը: Ամեն օր ես իր շունչն զգում եմ: Հավատում եմ, որ մի օր կգա, որ մի օր կհանդիպենք…»:
Հերոսի մայրն ու քույրը պատմում են, որ Զորիկը հաճախ է իրենց այցի գալիս երազում: Երազներն այսօր այս ընտանիքի համար ավելին են, քան իրականությունը: Դրանք ապրելու ուժ են տալիս հերոսի հարազատներին:
«Երազում ինչքան տեսնում եմ, ինքն էնպիսի մի հպարտությամբ ու ժպիտով է դեպի ինձ գալիս: Զորիկս գոհ է, որ փրկել է իր զինվորների կյանքը, որ փրկել է իր հողը: Եթե գոնե մի անգամ երազում տեսնեմ, որ Զորիկն անտրամադիր է, հավատացեք, ես էլ չեմ ապրի: Ես դրանով եմ ապրում»,- ասում է մայրը:
Ժամանակը հետ տալով՝ մայրը հիշում է՝ օգոստոսի 1-ին Զորիկը պետք է տանը լիներ:
«Հուլիսի 30-ին պետք է գար, որ ընկերոջ հարսանիքին գնայինք: Նախապես Անիիս հետ շորեր գնեցինք նրա համար, որ հարսանիքի գնալիս հագնի: Վերջին պահին միտքը փոխել էր: Ասեց՝ մամ ջան, ես զինվորներիս հետ պոստեր եմ գնալու, չեմ կարող իմ զինվորներին թողնել, գալ… Մի քանի օրից արձակուրդ էին տալու: Ասաց՝ մամա ջան, մի քանի օր էլ դիմացի, կգամ: Դժվարությամբ, բայց համաձայնեցի, ասացի՝ լավ, Զորիկ ջան, դե զգույշ կլինես: Ասաց՝ մամ ջան, քո աղոթքն ինձ կպահի: Բայց չգիտեմ ինչո՞ւ էսպես եղավ»,- մորմոքվում է մայրը:
Կռիվ տալով թշնամու դեմ՝ Զորիկը երեք տեղից վիրավորվել է: Վերջինը եղել է ճակատագրական:
«Որ նոր էր դեպքը եղել, ահավոր չարացած ու զայրացած էի: Ատում էի բոլորին… Հիմա, որ սառը դատում եմ, մտածում եմ, որ ինքն այնպիսի դաստիարակություն չէր ստացել, որ փախչեր: Ինքը որքան վիրավորվել, այնքան ավելի է գազազել:
Կողքից ասում են՝ թող ջանդամն էղնի էդ հողը: Ասում եմ՝ չէ, ո՞նց չսիրեմ էն հողը, որի համար իմ որդին կյանք է տվել: Ուրեմն էդ հողն իր համար արժեք է ունեցել: Որ ուզենար պրծներ, կպրծներ: Բայց եթե փախչեր, ինքն իրեն չէր ների:
Իմ որդին գտել է, որ դա է ճիշտը ու ես հասկացա, որ պարտավոր եմ հարգել իր որոշումը: Երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եկավ մեր տուն, ասաց՝ ես չեմ եկել Ձեզ ցավակցեմ, եկել եմ՝ խոնարհվեմ Ձեր առաջ: Դուք չգիտեք, թե Ձեր որդին ինչ է արել, նա պատերազմ է կանխել»,- ասում է մայրը:
«Հուլիսի վերջին Արևմտյան Հայաստան էի գնացել, Անիում մոմ էի վառել ու ծնկաչոք խնդրել, որ պահպանի ունեցածս: Ասել էի՝ աղաչում եմ, տեր, Զորիս լավ պահիր: Ու ընդամենը երկու օր հետո այդ լուրը եկավ… Չարանում եմ մեկ-մեկ, կռվում ինքս ինձ հետ: Հիմա էլ, երբ կարոտից խելագարվում եմ, ասում եմ, որ աստված լիներ այսպես չէր լինի…,- ասում է քույրը՝ Անին ու անմիջապես վրա բերում,- բայց չես կարող չհավատալ նրան, ինչին ծնվածդ օրից հավատացել ես: Ես հավատում եմ, որ երկնքում մենք էլի երջանիկ ենք լինելու»:
Զորիկի հիշատակին զորամասին կից մատուռ է կառուցվել: Այժմ այստեղ են հավաքվում զորամասում ծառայող զինվորներին այցի եկած հարազատները:
«Ամեն օր մատուռում կանթեղ եմ վառում: Համարում եմ, որ դա որդուս տունն է ու ես ամեն օր իր տան լույսը վառում եմ: Երբ ծնողները գալիս են զորամաս՝ իրենց զինվորներին տեսնելու, իմ Զորոյի տուն են գնում: Մատուռում պետք է սեղաններ ավելացնենք, փոքրիկ սեղան, աթոռ դնենք: Քիչ է, որ զինվորների ծնողները գալիս են, պատահում է, տեղ չի լինում»,- պատմում է մայրը:
Անին մատուռ հաճախ է գնում: Գնում է, բայց, միևնույն է, իրականությանը չի հավատում:
«Անհավատալի է, որ մի տարի կարող ես չխոսես, չտեսնես ու կարողանաս ապրել: Մինչև այսօր չենք պատկերացնում, որ առանց մեկս մյուսիս հնարավոր է ապրել. մենք միշտ միասին ենք եղել: Եթե անգամ գաղտնիք է եղել, ապա դա եղել է մեր երկուսինը: Ես հավատում եմ, որ ինքն ամեն ինչ տեսնում է, ես զգում եմ Զորիկին, ինքը ինձ շատ է օգնում… Ինքն ամենուր մեզ հետ է», -ասում է Անին:
Զորիկը դեռ դպրոցական տարիքից բանաստեղծություններ է գրել: Դրանք առաջինն ընթերցելու պատիվը մշտապես վերապահված է եղել քրոջը:
«Ասում էր՝ քիրուլ, կկարդաս, վերջում կասես, որն ա դուրդ եկել: Հիմա, որ վերընթերցում եմ գրածները, տեսնում եմ, որ ասես այսօրվա համար գրած լինի»,- նշում է Անին:
Անիին խնդրում եմ ցույց տալ Զորիկի անկյունը: Զորիկն ամենուր է՝ հյուրասենյակում, ննջարաններում, հայելու մոտ, պատին փակցված ստենդին: Մայրը հատ հատ ցույց էտալիս որդու իրերն ու պատմում, պատմում, պատմում… Զինվորական համազգեստները մայրը մինչ օրս խնամքով պահում է, վստահ՝ դրանք դեռ պետք են գալու: Ցույց է տալիս հետախույզ որդու համազգեստն ու ասում՝ Անիս մի Զորիկ կունենա, կհագնի դեռ:
Պատին փակցված դանակների ու զինատեսակների հավաքածուից մայրն առանձնացնում է զենքի խզակոթը՝ վրան փորագրված լուսինով ու գայլով:
«Одинокий волк». սա Զորիկի մականունն է:
«Զորիկս գայլ շատ էր սիրում, ասում էր՝ գայլը միակ կենդանին է, որին հնարավոր չէ կրկեսում վարժեցնել,- ասում է մայրը,- իսկ одинокий, որովհետև հետախուզական առաջադրանքների ժամանակ հիմնականում միայնակ էր գնում»:
Զորիկ Գևորգյանին հետմահու շնորհվել է կապիտանի կոչում։ Նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով։
Նրա անունով այսօր մի քանի կրթօջախներ են անվանակոչվել: Զորիկի անունն է կրում Վանաձորի պետական համալսարանին կից գործող վարժարանը, «Փոքր Մհեր» կրթահամալիրի ջոկերից մեկը, ռազմական ինստիտուտի հետախուզական ամբիոնը…
Մայրն արցունքն աչքերին հատ-հատ թվում է որդու ստացած պարգևները, նրա անվամբ անվանակոչված կրթօջախներն ու ասում.
«Անմահացավ իմ որդին, մենք կգնանք, կկորչենք, բայց իմ որդին հավերժացավ: Իր կարճ կյանքով կարողացավ այնպես անի, որ հերոսանա: Մարդ պետք է արտասվելիս էլ հպարտորեն արտասվի: Եվ ես հպարտ եմ իմ որդով…»:
Գայանե Սարգսյան
http://hetq.am/