Ծովիկ Արսենյան.«Ամբողջ կյանքում կհիշեմ դիրքերի Նոր Տարին»

Երբ խնդրում եմ պատմել իր մասին, զրուցակիցս սակավախոս է դառնում, դժվարությամբ է ընտրում բառերը, իսկ ահա դիրքապահ զինվորների, մարտական հերթապահության մասին պատմելիս աչքերն արտասովոր ձևով փայլում են:

20 տարվա զինվորական ծառայություն, որից 17-ը՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում:

Ավագ ենթասպա Ծովիկ Արսենյանը հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված զորամասի գումարտակներից մեկի բուժկետի պետն է և յուրաքանչյուր հերթափոխի՝ տարվա օրերի գրեթե կեսը, անց է կացնում մարտական հենակետերում՝ դիրքապահ զինվորի կողքին: Սահմանապահ տղաներին առաջինը հասնողը, նրանց ցավը մեղմողը, հուսալի ընկերն ու խորհրդատուն է բուժակ Ծովիկը, ով անկեղծորեն սիրում է զինվորներին ու գիտի, որ այդ սերը փոխադարձ է:

Ծովիկ Արսենյանի հոգսաշատ օրվա մի քանի ժամը անցկացրեցինք միասին՝ հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված զորամասի մարտական հենակետում:

– Ծովիկ, Դուք առանձնահատուկ կին եք, ով շուրջ 2 տասնամյակ ծառայում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, ով յուրաքանչյուր հերթափոխի շրջում է հենակետերով, առաջին բուժօգնություն ցուցաբերում առողջական խնդիրներ ունեցող զինվորներին: Պատմեք, խնդրում եմ, Ձեր մասին…

– Ծնվել եմ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում, երկու որդիների մայր եմ: Ավագ որդիս պայմանագրային զինծառայող է: … Հայրս երազում էր, որ մեր ընտանիքից գոնե մեկն ընտրի զինվորականի մասնագիտությունը: Իսկ ես երազում էի, որ հորս երազանքն իրականացնողը ես լինեմ… Պատերազմի տարիներին ցանկությունս մեծ էր Արցախ գնալու, սակայն երեխաներս փոքր էին, նրանց խնամող չկար: Ամեն օր հորս խնդրում էի՝ երեխաներիս տիրություն արա, գնամ Արցախ: Այդ տարիներին Եղեգնաձորի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում էի աշխատում և հաճախ գործուղվում էի սահմանամերձ գյուղեր՝ հատկապես Խաչիկ: Երբ երեխաներս մի քիչ մեծացան, ինձ ոչինչ այլևս չէր կարող կանգնեցնել: Առանց վարանելու գնացի Եղեգնաձորում տեղակայված գումարտակ(կազմավորման շրջանն էր) և խնդրեցի ինձ ծառայության վերցնել: 1995-ից ծառայության անցա եղեգնաձորում, 3 տարի անց՝ 1998-ին, տեղափոխվեցի Արցախ: 4 տարիների ծառայությունս Արցախում միշտ առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում: 2002-ին տեղափոխվեցի մեր զորամաս և ծառայության անցա սահմանամերձ գյուղերից մեկում տեղակայված գումարտակում: Այժմ էլ գումարտակներից մեկի բուժկետի պետն եմ, սիրով եմ ծառայում: Ինչպես նկատեցիք, երբ մեր գումարտակն ընդգրկված է մարտական հերթապահության մեջ, պարտադիր ես էլ նրանց հետ եմ: 14 օր՝ մարտական հենակետերում:

-Վստահ եմ, որ տղաներն այստեղ շրջապատված են մայրական հոգատարությամբ. մոր խստապահանջությամբ եք հետևում կացարանների, ճաշարանների, սպասքի մաքրությանը, սննդի որակին, ժամկետներին… Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում մարտական հենակետերում:

– Հատկապես ամառվա շոգին կարևոր է սննդամթերքի ժամկետներին, որակին հետևելը, վերահսկելը, որ այն պահպանվի համապատասխան պայմաններում: Անհրաժեշտ է պահպանել կացարանների, ճաշարանների սանիտարահիգիենիկ վիճակը, որոնց ուղղված մի շարք միջոցառումներ ենք իրականանցում: Ամառային սեզոնին կարևորագույն կանխարգելիչ միջոցառումներից մեկը յուրաքանչյուր անգամ ճաշելուց առաջ ձեռքերը քլորամինի լուծույթով ախտահանելն է:

– Հավանաբար, մարտական հերթապահության ժամանակ զինվորների հետ կապված գեղեցիկ, ջերմացնող պատմությունները շատ են Ձեր հուշալբոմում…

-Ամբողջ կյանքում կհիշեմ դիրքերի նոր տարին: Այստեղ տոնն առանձնահատուկ գեղեցիկ ենք նշում: Տղաներն այնքան ուրախ ու զվարթ են դիմավորում Ամանորը, այնքան լավատես են, այնքան մեծ սպասելիքներ, նպատակներ ունեն: Գումարտակն իմ ընտանիքն է: ժամանակիս մեծ մասը ես ծառայությանն եմ տրամադրում, ավելի շատ ծառայության վայրում եմ՝ մեծ ընտանիքիս կողքին, քան տանը…

– Իսկ ընտանիքը չի՞ դժգոհում… Դուք անընդհատ դիրքերում եք, փխրուն կինը ինչպե՞ս է դիմակայում դժվարություններին…

-Սա իմ կյանքն է, իմ առօրյան: Երբ երեխաներս փոքր էին, դժվարանում էի… Հեշտ չէր նրանց թողնել ու բարձրանալ հենակետեր: Մտքով անընդհատ տանն էի՝ որդիներիս հետ: Այսօր ծառայությունը կենսակերպ է դարձել: Երբեք չեմ պատկերացնում և չեմ ուզում մտածել այն մասին, թե կգա մի օր, որ այլևս չեմ ծառայի:

– Դուք տղաների համար նաև ընկեր եք… հոգատար, սրտակից ընկերոջ խորհուրդների կարիքը բոլորն ունեն:

– Լինում են պահեր, երբ տղաներից որևէ մեկն անտրամադիր է լինում, ընկճված, անհանգիստ: Հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն իրենց ուսերին կրող այս տղաներն ընդամենը 18 տարեկան են: Իսկ մարտական հերթապահությունը հեշտ չէ… լինում են նաև հուսալքության պահեր, տրամադրության անկում: Ուստի իմ պարտականությունն է նրանց ոգևորել, սրտանց զրուցել, օգնել ու հիշեցնել, որ իրենց տանը սպասում են: Ես շատ եմ սիրում զինվորներին և գիտեմ, որ նրանք էլ ինձ են սիրում:

Հասմիկ Գյոզալյան

Scroll Up