Համահայկական խաղերին հունահայ համայնքը ներկայացնող երիտասարդներն այցելել են Արցախ

Համահայկական խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միության մի քանի տասնյակ անդամներն այցելել են Արցախ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հունահայ համայնքից, պատանիները եղել են Շուշիում, Ստեփանակերտում, այցելել են Գանձասար, եղել Արցախի պատմամշակութային վայրերում: Համահայկական ամառային 6րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Համահայկական ամառային 6րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվել է Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի ՀՀ մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայկական մի շարք քաղաքներով: Ջահը վառվել է նաեւ սփյուռքի հայաշատ կենտրոններում:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վառված ջահը Ջավախքից կանցնի Գյումրի, ապա Սարդարապատ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանալով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ օգոստոսի 2ին մուտք կգործի Հանրապետական մարզադաշտ: