Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում 2 հարսանեկան արարողություն կկատարվի
Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվող պատարագի նկատմամբ նախկին խանդավառությունն այլևս չկա:
ermenihaber.am-ը տեղեկացնում է, որ թուրքական «Emlakgazeten» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Աթեշյանը, խոսելով Աղթամարում 2015թ. սեպտեմբերին մատուցվելիք պատարագի մասին, նշել է, որ ամեն տարի նկատելի է պատարագին մասնակիցների քանակի նվազումը:
Աթեշյանը, նշելով, որ դեռևս իրենց հայտնի չէ, թե պատարագին քանի հոգի է մասնակցելու, ասել է, որ մասնակիցների թիվը պարզ կլինի 15-20 օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, պատրիարքի փոխանորդը համոզմունք է հայտնել, որ այս տարի էլ այն բազմամարդ կլինի: Նա հայտնել է նաև, որ այդ օրը 2 հարսանեկան արարողություն կկատարվի:
Աթեշյանը տեղեկացրել է, որ ուխտագնացություններ են կատարվում դեպի Թուրքիայի տարբեր նահանգներ: Ըստ Աթեշյանի՝ այդ այցելությունները բավականին շատ են և երբեմն մարդիկ, մեկ անգամ ուխտագնացության գնալով, հաջորդին չեն ցանկանում մասնակցել:
Աթեշյանը նաև անդրադարձել է Վարագավանքի վերականգնման խնդրին:
«Յոթ վանքի (Վարագավանք) նման մի քանի վանքեր ունենք, որոնց նախագծերը պատրաստ են, սակայն որևէ կերպ կյանքի չեն կոչվում: Այդ վանքերի վերանորոգումը կնպաստի, որ նման պատարագները ավելի բազմամարդ լինեն: Ահա թե ինչու ենք կարևորում այդ նախագծերի իրագործումը»,- նկատել է Աթեշյանը: