Դեսպան Արշակ Փոլադյանի հանդիպումը Սիրիայի մշակույթի նախարարի հետ

Հուլիսի 26-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի մշակույթի նախարար Իսսամ Խալիլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ մշակութային համագործակցությունը խթանելու հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հաշվի առնելով Հայաստանի մշակութային մեծ ներուժը՝ նախարար Խալիլը կարևորեց հայ երաժիշտների՝ Դամասկոսի օպերայի սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատելու և կոնսերվատորիայում դասընթացներ վարելու հնարավորությունը: Միաժամանակ, կողմերը կարևորեցին մշակութային օրերի փոխանակումը երկու երկրների միջև, ինչի կապակցությամբ նախարարն առաջարկեց առաջիկայում Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպումը: Ապա՝ քննարկվեցին սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Գրական տապան-2015» միջազգային կոնֆերանսին Սիրիայի մասնակցության հարցը, ինչի կապակցությամբ դեսպան Փոլադյանը նախարարին հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերը:

Հանդիպման ավարտին նախարար Իսսամ Խալիլը դեսպան Փոլադյանի հետ կիսվեց հուլիսի 10-ից 14-ը ՀՀ կատարած իր այցի մանրամասներով:

Scroll Up