Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն

Հուլիսի 26-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան յոթ սարկավագներ:

Ս. Պատարագի ընթացքում Վարդան Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և վերջիններիս շնորհելով նոր հոգևոր անուններ:

Հայկ սրկ. Թադևոսյանը վերակոչվեց Տ. Թադեոս քահանա, Արտակ սրկ. Վարդանյանը` Տ. Թորգոմ քահանա, Ավետիս սրկ. Ասատրյանը` Տ. Արշավիր քահանա, Վարդան սրկ. Զեյնալյանը` Տ.Պարգև քահանա, Արման սրկ. Շոխիկյանը` Տ. Գրիգորիս քահանա,   Դավիթ սրկ. Ղարիբյանը` Տ. Կարապետ քահանա, Արման սրկ. Մարտիրոսյանը` Տ. Աբրահամ քահանա:

 Ձեռնադրության ավարտին նորընծա քահանաները ներկաներին փոխանցեցին իրենց անդրանիկ օրհնությունը:

Այնուհետև ձեռնադրող Սրբազանը, յոթ քահանաների ձեռնադրության կապակցությամբ շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին, հոգևորականաց դասին, նորաձեռնադրյալների ծնողներին և հավատացյալ ժողովրդին, մասնավորաբար նշեց. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձյալ իր` դարերով շարունակվող հաղթական արշավն է ուղենշում, և այս օրն այդ ընթացքի մեջ Հարության հաղթական խորհրդի և Աստուծո ներկայության շնորհի մեծ վկայությունն է: Սուրբ Հաղորդության` Պատարագի սրբազան խորհրդի ընթացքում ամենքիս աղոթքներով կատարեցինք սրբազան մեր Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկը` Ձեռնադրության սրբազան խորհուրդը: Հայոց Եկեղեցին, սիրելինե՛ր, հաստատված լինելով ճշմարիտ Վեմի` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ խոսքի վրա, առաքելական շարունակականությամբ, Սրբազան Հայրապետների, վարդապետների, քահանաների և սարկավագների արյան վկայության, անսակարկ ինքնանվիրումի և ծառայության արդյունքում Տիրոջ մարմնի ծառայությամբ շարունակում է իր առաքելությունը:

Այսօր Հայ Եկեղեցին, ևս մեկ անգամ զորանալով, պայծառազարդվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով, քանզի Տիրոջ Հոգին դարձյալ ամենքիս աղոթքով իջավ յոթնարփյան իր շնորհաբաշխությամբ, առատորեն հեղեց իր Իմաստության Լույսը և շարունակեց հրաշագործել մեր կյանքում, հրաշագործել երիտասարդ, գիտակից հավատքով զորացած այս յոթ նորընծա երիտասարդների ինքնանվիրումով, ինքազոհողությամբ և ինքնածառայությամբ: Հավատքի վկաներ են այսօր այս յոթ նվիրյալ ծառաները, ովքեր պիտի սպասավորեն Տիրոջ խորանին` մեր ժողովրդի հոգևոր կյանքի առողջացման համար Աստուծո սերը և ճշմարիտ խոսքը բաժնեկից դարձնելով նրանց կյանքին: Աստվածահաստատ խորհուրդ էր, որ կատարեցինք ձեռնադրությամբ և Աստուծո Սուրբ Հոգու խորհրդանիշը հանդիսացող Սուրբ Մյուռոնի հեղմամբ, որով Տիրոջ Սուրբ Հոգու շնորհներով` տրված Նրա առաքյալներին, նրանց շարունակականությամբ մինչև մեր օրերը փոխանցված կապելու և արձակելու ծառայության այդ շնորհին կոչելով նրանց»:

Սրբազան Հայրը, դիմելով նորընծա քահանա հայրերին,  ընդգծեց, որ նրանց ծառայությամբ Աստված է գործելու, և հորդորեց, որ վերջիններիս սրտերը մշտապես մոտ լինեն իրենց հանձնված հոտին, ապրեն նրա կյանքով, հովվական խոսքի միջոցով իրենց հոտի վիշտը մխիթարության վերածեն: Վարդան Սրբազանն ավելացրեց նաև, որ ինչպես սրբազան հայրապետների ու առաքյալների, վարդապետների ու մեծանուն քահանաների պարագայում էր, այսուհետև նորաօծների միջոցով Տերը ևս պիտի գործի երկրի վրա:

Ապա «Ողջույնի» ժամանակ Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան` շնորհավորելու քահանաներին և համբուրելու նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:

   Երեկոյան կատարվելու է նաև վեղարի տվչության արարողություն: Տ. Գրիգորիս քահանան կստանա վեղար և կհամալրի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պահեցողությունից և պատրաստության շրջան անցնելուց հետո նորընծաներն Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

ց ցց

Scroll Up