Հայերն ու քրդերը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են կազմակերպել

Ամերիկահայերն ու ԱՄՆ-ում բնակվող քրդերը համատեղ բողոքի ակցիա են կազմակերպել Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ իրենց դժգոհությունը հայտնելով Սուրուչ քաղաքում ԻՊ գրոհայինների կազմակերպած ահաբեկչությանը Թուրքիայի մասնակցության կապակցությամբ: Ցուցարարները նպատակ են ունեցել նաեւ ուշադրություն հրավիրել Քոբանիում, Քեսաբում եւ Դեր Զորում համանման հարձակումների վրա: Այս մասին ըստ News.am-ի` ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մի խումբ երիտասարդներ, որոնք դեմ էին ահաբեկչությանը եւ հարում էին ձախակողմյան հեղափոխական հայացքներին, ցանկացել էին խաղալիքներ տանել Սիրիայի Քոբանի քաղաքի երեխաներին, սակայն թուրքական իշխանությունները թույլ չէին տվել: Դրանից հետո նրանք հուլիսի 20-ին Սուրուչում մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն՝ սպանելով 32 մարդու:

Scroll Up