Լեհաստանից ժամանած երիտասարդների նպատակը իրենց հայկական արմատներին ծանոթանալն է

Նորավանք, Էջմիածին, Երեւան, Խորվիրապ: Լեհաստանից եկած 12 պատանիներից Գրեգորին հենց այս վայրերն են ամենից շատ դուր եկել Հայաստանում: Նրան այստեղ հատկապես դուր են եկել տուֆից շենքերը, գրում է «Երկիրմեդիան»:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան, բայց կարծում եմ՝ ոչ վերջինը: Իմ ընտանիքը երեք հարյուր տարի առաջ Անիից տեղափոխվել է Լեհաստան: Ես շատ հպարտ եմ, որ իմ նախատատը Հռիփսիմեն էր՝ Նիկոսյանների ընտանիքից»,- ասում է Գրեգոր Ստատկեւիչը:

Հայկական արմատներ ունեցող լեհ երիտասարդները հասցրել են լինել Հայաստանի բազմաթիվ պատմամշակութային վայրերում, եկեղեցիներում եւ քաղաքներում՝ Տաթեւ, Նորավանք, Էջմիածին, Գոշավանք, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ… Այցելության վերջին օրը կլինեն նաեւ Ծիծեռնակաբերդում: Նրանց խոսքով, դա ամենակարեւոր վայրերից մեկն է, որոնք նրանք պիտի տեսնեն Հայաստանում: Այս երիտասարդներից ոմանց նախնիներն անգամ 13-րդ դարից են Հայաստան­ից Լեհաստան գաղթել:   Երիտասարդներին Հայաստանի պատմական վայրեր են ուղեկցել 2 էքսկուրսավարներ, բայց այս էքսկուրսիան ուսանողների համար տարբերվում է նրանով, որ սովորել եւ հենց իրենք են ընկերներին ներկայացնում պատմամշակութային կոթողների, հուշարձանների եւ եկեղեցիների պատմությունը:

  Հայաստան այցի հիմնական նպատակը Լեհաստանի հայ ընտանիքների երիտասարդներին իրենց արմատներին ծանոթացնելն է: Ինչպես իր խոսքում նշեց երիտասարդներին ուղեկցող խմբավարը, նրանց համար այս այցը նվեր էր: Նրանք եղել են Ուկրաինայում եւ աշխատել այնտեղի հայ համայնքի հետ, բայց Հայաստանում առաջին անգամ են լինում:   «Ես Լեհաստանում հայկական ֆոնդի նախագահն եմ, եւ մենք փորձում ենք լեհերին թե ինչ են արել հայերն աշխարհի համար եւ ինչ են արել Լեհաստանի հայերը Լեհաստանի համար: Ես ինքս նույնպես ունեմ հայկական արմատներ, եւ ամուսինս հայ է»,- ասում է Մարթա Աքսենտովիչ-Պողոսեւիչը: Զբոսաշրջիկների՝ Հայաստանում գտնվելու վերջին օրը նրանց միացավ Հայաստանում Լեհաստանի դեսպանի տիկինը: Յադվիգա Նովակովսկան նաեւ փոքրիկ ֆիլմ էր նկարում, որով ուզում է Լեհաստանում ցույց տալ, թե որքան գեղեցիկ վայրեր կան Հայաստանում, որոնք կարող են հետաքրքիր լինել զբոսաշրջիկների համար:

«Մեր ֆիլմը կլինի ռեպորտաժի տեսքով, որը կունենա լեհական ակցենտ եւ Լեհաստանի հայերին կկապի Հայաստանում ապրող հայերի հետ: Մենք կփորձենք ցույց տալ Հայաստանի պատմամշակութային վայրերը՝ Լեհաստաից եկած հայերի աչքերով»,- ասում է Յադվիգա Նովակովսկան:   Լեհաստանում հայկական համայնքը բավական մեծ է: Զբոսաշրջիկ երիտասարդների այցը Հայաստան, չնայած կարճ էր, բայց նրանք մեկ շաբաթվա ընթացքում հասցրել են ծանոթանալ Հայաստանի պատմությանը:

Scroll Up