Շուշիում մեկնարկել է «Հայորդիներ» սկաուտական ամենամյա բանակումը (լուսանկարներ)
Հուլիսի 17-ից Արցախի «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Շուշիում մեկնարկել է «Միասին հանուն Արցախի» խորագրով «Հայորդիներ» սկաուտական 5-րդ ամենամյա բանակումը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, «Հայկի սերունդ» ՀԿ փոխնախագահ, ճամբարի անվտանգության պատասխանատու Վլադիմիր Գրիգորյանը նշել է, որ Արցախի տարբեր բնակավայրերից պատանիների ու երիտասարդների ընդգրկմամբ սկաուտական ճամբարը կազմակերպվում է 2005 թվականից: «Այս տարի նախատեսում ենք երեք հերթափոխով ճամբար:
Սա մեր առաջինն հերթափոխն է՝ 120 մասնակցի ընդգրկմամբ և տասնօրյա տևողությամբ: Ունենք Արցախի բոլոր շրջաններից, Ստեփանակերտից ժամանած և սիրիահայ ճամբարականներ:
Մեր ճամբարին մասնակցում են նաև զինվորներ, որի նպատակը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է »,- մանրամասնել է Վ. Գրիգորյանը: Խոսելով ճամբարի առօրյայի մասին Վ. Գրիգորյանը տեղեկացրել է, որ ճամբարում երեխաների համար կազմակերպվում են հայրենասիրական դասընթացներ՝ Հայոց ցեղասպանության, Արցախյան գոյամարտի և ազգային հերոսների կյանքի ու գործունեության վերաբերյալ:
Կազմակերպվում են սպորտային և մշակութային միջոցառումներ, ազգային երգ ու պար, որոնք դաստիարակչական և կրթական նպատակներ ունեն: Ճամբարականների համար ապահովվում է օրական երեքանգամյա սնունդ:
«Նմանատիպ ճամբարի կազմակերպումը հայ երիտասարդներին համախմբելու, հայրենասիրական ու ազգային գաղափարներ սերմանելու նպատակ ունի»,- ասել է Վ. Գրիգորյանը՝ և հավելել, որ ճամբարի երեք հերթափոխին ընդհանուր առմամբ կմասնակցեն 450 պատանիներ ու երիտասարդներ:
Ինչպես հայտնեց ճամբարի պատասխանատուն, ծրագրի համաձայն, մասնակիցները կայցելեն Շուշիի պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ ու տեսարժան վայրեր:
«Արդեն երկրորդ անգամն է, որ մասնակցում եմ վրանային ճամբարի: Այստեղ առօրյան շատ հետաքրքիր ու բազմաբովանդակ է կազմակերպված՝ տարբեր խաղեր, խմբակային աշխատանքներ, ազգային երգ ու պար և էքսկուրսիաներ»,-ասել է բերձորցի ճամբարական Արմեն Թադևոսյանը և ավելացրել, որ շփվելով զինվորների հետ ու նաև ճամբարի առօրյային ընտելանալով, իրեն պատրաստ է զգում զինվորական կյանքին:
Շարքային Հայկ Դավթյանի խոսքով՝ առաջին անգամ է մասնակցում նմանատիպ ճամբարի, որի կազմակերպչական ու ծրագրային դրույթներից գոհ է: «Ինձ համար ճամբարն առանձնահատուկ է նրանով, որ կենսուրախ երեխաների հետ շփումները մեզ ավելի են ոգեշնչում ու պարտավորեցնում»,-ասել է Հ. Թադևոսյանը և նշել, որ այս օրերի ընթացքում ամենակարևոր ձեռքբերումն իր համար այն է, որ այսուհետ մեծ լիցքերով կշարունակի իր զինվորական ծառայությունը:
«Հայորդիներ» երիտասարդական ճամբարի շտաբի պետ Ռուբեն Հայրիյանը նշել է, որ ճամբարի ծրագիրը մշակելու և կազմելու համար հիմք է հանդիսացել սկաուտական ծրագիրը: «Հաշվի առնելով մեր անցած տարիների փորձն ու բացթողումները, տարեցտարի առավել կատարելագործված ու ընդգրկուն ենք դարձնում մեր ճամբարային ծրագիրը, որը ներառում է հետաքրքիր ու բազմազան ռազմահայրենասիրական և սկաուտական դաստիարակության դրույթներ»,-մանրամասնել է Ռ. Հայրիյանը :
Նշենք նաև, որ ճամբարի կազմակերպմանն աջակցել են՝ ԼՂՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայությունը,ոստիկանությունը և «Ապագա սերունդներ» հիմնադրամը: