Այս գիշեր Սեյրան Օհանյանն այցելել է առաջնագիծ

Հուլիսի 21-22-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հարավ-արեւմտյան սահմանագոտու զորամասեր:
Նա նախ եւ առաջ այցելել է առաջնագիծ, եղել տարբեր դիրքերում, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում տեղի ունեցող մարտավարական եւ ծառայողական փոփոխությունները: Սեյրան Օհանյանը իրեն ուղեկցող բարձրաստիճան հրամանատարների հետ քննարկել է մարտական ծառայության եւ կազմակերպչական հարցերի լայն շրջանակ, լսել նրանց զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, հուլիսի 21-ի ողջ օրվա ընթացքում ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ եւ խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների, ինչի հետեւանքով հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են: