Արգենտինացի լրագրող Մարսելո Զլոտոգվիազդան կարժանանա «Հրանտ Դինք» մրցանակի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/Proof-3.jpg)
ՀՅԴ Հայ Դատի Լատինական Ամերիկայի հանձնախմբի կայացրած որոշման համաձայն՝ այս տարի «Հրանտ Դինք» մրցանակին կարժանանա Ercuentro լրատվամիջոցը ներկայացնող լրագրող Մարսելո Զլոտոգվիազդան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով PrensaArmenia.com.arը, մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 22-ին Բուենո Այրեսում գտնվող Հայկական մշակույթի ասոցիացիայի շենքում:
Հայ Դատի Լատինական Ամերիկայի հանձնախումբը 2001թ. Հրանտ Դինքի անվան մրցանակ է հանձնում այն լրատվամիջոցին եւ լրագրողին, ով տարվա ընթացքում առավելագույն կերպով անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ցեղասպանությունների խնդրին եւ իր հոդվածներով դատապարտում մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Այս մրցանակը բավական հայտնի է Արգենտինայում եւ տարիների ընթացքում «Հրանտ Դինք» մրցանակի դափնեկիրներ են դարձել Արգենտինակում հայտնի եւ ազդեցիկ բազմաթիվ լրագրողներ: