Վանի Աղթամար կղզուց Համահայկական խաղերի ջահը հասավ Գյումրի. լուսանկարներ
Մարզական ավանդույթներով հայտնի Գյումրին հուլիսի 18-ին տոնական տրամադրության մեջ էր. Համահայկական խաղերի պատմության մեջ առաջին անգամ խաղերի ջահը Գյումրիում էր:
Ամառային 6-րդ խաղերի՝ երեք ջահերից մեկը՝ սփյուռքի ջահը, որը վառվել էր Վանի Աղթամար կղզու «Սուրբ Խաչ» եկեղեցում, այնուհետև մի շարք հայաշատ վայրերով անցնելով, հասել էր Ջավախք և այնտեղից տեղափոխվել Գյումրի: Ջահակիրը գյումրեցի հանրահայտ մարզուհի, ծանրամարտի Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանն էր:
Ջահը մուտք գործեց Գյումրու «Բարեկամության» պուրակ՝ այնտեղից «Վարդանանց» հրապարակ՝ ֆայտոնով: Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը դիմավորեցին ուրախ երգ ու պարով: Գյումրու քաղաքպետ Սամվել Բալասանյանը, ողջունելով ջահի մուտքը Գյումրի, հույս հայտնեց, որ այս անգամ ևս գյումրեցի մարզիկները կապացուցեն, որ Գյումրին մշակութային մայրաքաղաք լինելուց բացի նաև մարզական մայրաքաղաք է: «Մենք ունեցել ենք շատ փառապանծ մարզիկներ, ովքեր աշխարհի ու Եվրոպայի տարբեր մրցումներում բարձրացրել են մեր եռագույնը: Համահայկական 6-րդ ամառային խաղերին Գյումրին մասնակցելու է 13 մարզաձևով, ու կունենանք լուրջ հաջողությունյուններ, բայց այս անգամ այդ բարձունքը կլինի բարեկամական: Բարի երթ եմ մաղթում խաղերի մասնակիցներին»,-նշեց Սամվել Բալասանյանը:
Գյումրին խաղերում հանդես կգա 13 մարզաձևում՝ ընդհանուր 300 մարզիկով: Բացի Գյումրիից խաղերին կներկայան նաև Արթիկը՝ 3 մարզաձևով՝ 40 անդամ, և Մարալիկը՝ 2 մարզաձև, պատվիրակության ամդամների ընդհանուր թիվը՝ 15: Մինչ այս Համահայկական խաղերին Շիրակի մարզի արդյունքները բարձր են եղել՝ Գյումրին նվաճել է 41 մեդալ՝ 10 ոսկի, 10 արծաթ և 21 բրոնզ, իսկ Արթիկը խաղերում նվաճել է 1 բրոնզե մեդալ՝ վոլեյբոլ մարզաձևից:
«Այս կարևորագույն ստուգատեսն ընդգրկված է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրում և գտնվում է համայն հայության ուշադրության կենտրոնում: Համահայկական խաղերը ոչ միայն մարզական մրցակցություն է, այլ նաև ազգային միասնության կարևոր գործոն, աշխարհասփյուռ հայության շփման, մերձեցման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Այսօր մենք դիմավորեցին խաղերի և հայ ժողովրդի միասնությունը խորհրդանշող երեք ջահերից մեկը»,-իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ կարևորելով նաև Համահայկական խաղերը Գյումրիում անցկացնելու նախաձեռնությունը: Խաղերի պատմության մեջ առաջին անգամ խաղերը կանցկացվեն նաև Գյումրիում՝ ֆուտբոլ և ֆուտզալ մրցաշարերը:
Ջահը Գյումրիից ուղևորվեց Սարդարապատ, այնտեղից էլ կտարվի Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, որից հետո օգոստոսի 2-ին երեք ջահերը միասին մուտք կգործեն Երևանի «Հրազդան» մարզադաշտ՝ ազդարարելով Համահայկական ամառային 6-րդ խաղերի սկիզբը: