Մեր նպատակը «Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետություն» գաղափարն իրականություն դարձնելն է. Հայդուկ Շամլյան (լուսանկարներ)

Հուլիսի 13-ից Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնում կանադահայ տեր և տիկին՝ Հայդուկ և Աիդա Շամլյանների նախաձեռնությամբ մեկնարկել է «Արամ Մանուկյան» մանկապատանեկան ամենամյա ճամբարը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աիդա Շամլյանը նշել է, որ արդեն 11-րդ տարին է, որ նման ճամբար են կազմակերպում:

«Ամուսնուս՝ Հայդուկի օժանդակությամբ և մեր երկու զավակների՝ Տեսիլի և Պատրուգի մասնակցությամբ 2004 թվականից նախաձեռնել ենք այս ճամբարը, որը դարձել է ամենամյա: Այս տարի նախատեսում ենք երեք հերթափոխով ճամբար: Սա մեր առաջինն հերթափոխն է մեկ ամիս տևողությամբ: Ճամբարի առաջին հերթափոխում ընդգրկված է 140 երեխա՝ Շուշիից, Ստեփանակերտից և հարակից գյուղերից»,- հայտնել է Ա. Շամլյանը:

Ներկայացնելով ճամբարի առօրյան Ա. Շամլյանի նշել է, որ օրը սկսվում է Տերունական աղոթքով և հայկական երկու հանրապետությունների օրհներգերի կատարմամբ: Ճամբարում երեխաների համար կազմակերպվում են սպորտային և մշակութային միջոցառումներ՝ խաղի ձևերով գիտական փաստարկումների ներկայացումներ, ազգային երգ ու պար, ձեռագործության ուսուցում, որոնք դաստիարակչական և կրթական նպատակներ ունեն: Ճամբարականների համար ապահովվում է օրական երեքանգամյա սնունդ:

«Մայր հողում մշտական ներկայությամբ, տքնաջան աշխատանքով, իրականություն դարձնել ու հաստատել «Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետություն» գաղափարը՝ հարազատ ու մնայուն կամուրջներ ստեղծելով, պահպանելով և ամրապնդելով Սփյուռքի և հայրենաբնակ անբաժանելի հատվածների միջև»,-ասել է Հայդուկ Շամլյանը:

«Այս ճամբարը հայրենասիրական ու ազգային նպատակներ ունի, որը համախմբում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերիս: Եվ սա հնարավորություն է տալիս միավորվելու և մի բռունցք դառնալու»,- հավելել է Ա. Շամլյանը:

«Երեխաների և պատանիների մասնակցությունը այս ճամբարին ամբողջովին անվճար է:

Ընդհանուր առմամբ ճամբարի երեք հերթափոխերին կմասնակցեն 451 երեխա»,- մանրամասնել է Ա. Շամլյանը և ավելացրել, որ ճամբարում ընդգրկվող երեխաները և պատանիները, ամեն օր, ուրախության և գոհունակության հետ, իրենց տներն են տանում իրենց ձեռագործ ինքնատիպ աշխատանքները:

Scroll Up