Հայ և անգլիացի հնագետների կողմից ուսումնասիրվում են Ծղուկ լեռան ժայռապատկերները

2008 թվականից իրականացվում է հայ-անգլիական համատեղ նախագիծ, որի շրջանակներում հայ և անգլիացի հնագետների կողմից ուսումնասիրվում են Սյունիքում գտնվող Ծղուկ լեռան ժայռապատկերները:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին տեղեկացրին արշավախմբի հայկական կողմից ղեկավար, հնագետ-արվեստաբան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Աննա Խեչոյանը և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:

Ինչպես տեղեկացրեց Աննա Խեչոյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ժայռապատկերների ուսումնասիրության աշխատանքները սկսվել են 2002 թ-ից և մինչ այսօր ոչ միայն ուսումնասիրություններ են իրականացվել Ծղուկում, այլ նաև՝ Քասախում, որը ևս բազմաթիվ ժայռապատկերներ է ընդգրկում և մինչ այդ կար տեսակետ, որ այս տարածքներին հատուկ են միայն փորագրությունները, սակայն փորձը հակառակն է ցույց տվել և հայտնաբերվել են նաև գունավոր պատկերներ:

«Ծղուկի ժայռապատկերների թիվն անցնում է 1000-ից: Եղել են ուսումնասիրություններ նաև Սյունիքում և Գեղամա լեռներում, սակայն ուսումնասիրությունները եղել են մասնակի, իսկ հիմա ընդգրկում ենք տարբեր մասնագետների, հնագետների, ովքեր պատասխանատու կլինեն տվյալ ինֆորմացիայի հստակ մատուցման համար»,– ասաց նա:

« Եթե գլոբալ նայենք, կարող ենք ասել, որ ժամանակագրության առումով կան 12-րդ հազարամյակի ժայռապատկերներ և փորագրություններ, իսկ մինչ այդ եղածները չէին կարող պահպանվել»,- նշեց բանախոսը` ընդգծելով, որ ուսումնասիրության ընթացքում ամենաբարդ խնդիրներից մեկ պատկերի նշանակությունը պարզելն է, որովհետև տարբեր ժամանակներում դրա նշանակությունը տարբեր է. հայտնաբերված պատկերները բազմազան են` կենցաղայինից մինչև դիցաբանական:

Աննա Խեչոյանը նշեց, որ Ծղուկում աշխատանքների առաջին փուլն ավարտվել է, իսկ երկրորդ փուլում աշխատանքներ են տարվելու երկրաբանների հետ, ովքեր իրականացնելու են շերտագրական ուսումնասիրություններ:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն իր հերթին ասաց, որ ժայռապատկերների թվագրումը համաշխարհային առումով բավական բարդ գործընթաց է. մեծ վեճ կա գիտնականների մեջ, թե այդ պատկերները ստեղծվել են հոմոսափիենսի՞ կողմից, թե՞ դրանից առաջ:

«Մեր երկրում աշխատանքները նոր-նոր են սկսվել և ինչ-որ հաջողություններ այդ ուղղությամբ կան: Մենք պատկերը դիտում ենք ոչ թե միայն որպես պատկեր, այլ ուսումնասիրվում են դրա շուրջ եղած բոլոր հնագիտական նյութերը, որոնց միջոցով փորձում ենք հասկանալ, թե որն է ամենահավանական ժամանակը, որ մարդը պետք է ստեղծեր այդ պատկերները»,-ասաց բանախոսը։

Նա հավելեց, որ նախկինում արված աշխատանքների առջև պետք է խոնարհվել, բայց նոր մեթոդները հնարավորություն են տալիս ավելի շատ ինֆորմացիա ստանալ, հնարավորինս ճշգրիտ ֆիքսել այն, ինչ պատկերել է մարդը:

 

Scroll Up