Դեսպան Ղազարյանը հանդիպեց Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ Մետրոպոլիտ Սավայի հետ

Հուլիսի 14-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Հայ Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանի հետ հանդիպում ունեցավ Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ Մետրոպոլիտ, Նորին Ամենապատվություն Սավայի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Մետրոպոլիտ Սավային ս/թ. ապրիլի 4-ին Վարշավայի Մարիա Մագդալինայի Մայր տաճարում իր հանդիսապետությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ մատուցելու, ինչպես նաև ս/թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասաման ծեսի ավարտից հետո՝ Երևանի ժամանակով 19:15-ին, Լեհաստանի տարածքում գտնվող բոլոր Ուղղափառ եկեղեցիներում՝ ի հիշատակ Ցեղասպանության Սուրբ նահատակների, զանգերի հնչեցնելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջեկեղեցական հարաբերությունների հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարվեց կրթության ոլորտում հնարավոր համագործակցության հնարավորություններին:
Դեսպան Ղազարյանը Մետրոպոլիտ Սավային փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի՝ Էջմիածին այցելելու պաշտոնական հրավերը: