Սահմանների մասին պատմող «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմը մի շարք փառատոնների կմասնակցի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/22116.jpg)
Սոնա և Մարինե Քոչարյանների «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» վավերագրական ֆիլմը մի շարք փառատոնների մասնակցելու հրավերներ է ստացել:
Այս մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրին հեղինակները:
Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում ընդգրկված ֆիլմն արծարծում է սահմանների հարցը, բարձրացնում է խնդիրներ, որոնք առնչվում են սահմաններին:
«Ֆիլմը կմասնակցի փառատոնների Մոնտենեգրոյում, Թբիլիսիում, ինչպես նաև Կորեայի, Ամստերդամի և Արգենտինայից փառատոններից հրավերներ է ստացել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է Մարինե Քոչարյանը:
Ռեժիսորն ընդգծել է, որ իրենք ֆիլմն ստեղծելիս սցենարի զարգացման ծրագրերի են մասնակցել, ուսումնասիրություններ են կատարել:
«Շատերի հետ ենք խոսել, բայց երկար ժամանակ չէինք կարողանում գտնել մեր հերոսին: Ուսումնասիրությունների ժամանակ մի աղջիկ եկավ ու առաջարկեց ցույց տալ իրենց գյուղը: Երբ վերադարձանք Երևան, հասկացանք, որ մանկական անմիջականությունը և Լուսինեի՝ մեր հերոսուհու հումորը, մեզ թույլ կտան տեսնել սահմանների խնդիրը»,- հավելել է նա:
Ֆիլմի ռեժիսոր Սոնա Քոչարյանն էլ տեղեկացրել է, որ ֆիլմի համար ֆինանսավորում այդպես էլ չեն գտել, և իրենց ուժերով են նկարահանել այն:
«Հերոսների հետ շատ երկար ժամանակ անցկացրինք, այդ պատճառով նրանք շատ անկեղծ էին, բաց էին»,- պատմել է Սոնա Քոչարյանը:
Ասում են թե սահման կա, սակայն Ջիլիզում ապրող գյուղացիներից ոչ մեկը չի տեսել: Չկա ո՛չ նշան, ո՛չ մետաղալար, ո՛չ անցակետ. միայն գետակն է բաժանում գյուղը երկու` հայկական և վրացական կողմերի:
Լուսինեն աղջնակ է, որն ապրում է Հայաստանում գտնվող գյուղում: Նա երազում է տեսնել սահմանից այն կողմ ապրող տատիկին և մյուս բարեկամներին: Չնայած նրա և ընտանիքի անդամների միջև ընդամենը մեկ կիլոմետր ֆիզիկական տարածություն է, գյուղերն առանձին աշխարհներ են, քանի որ անհարմար սահմանը մարդկանց ստիպում է հարյուրավոր կիլոմետրեր կտրել` հասնելու գյուղին, որն ամեն օր տես ում են գետի մյուս կողմում:
Լուսինեն, նրա ընտանիքը և համագյուղացիներն ամեն օր նույն հարցերի առաջ են կանգնում՝ ի՞նչ է սահմանը, որտե՞ղ է սահմանը, ինչի՞ համար է սահմանը: Պատասխանների փնտրտուքով Լուսինեն ճամփորդություն է ձեռնարկում Ջիլիզից Ջիլիզ: Ֆիլմը մասնակցել է Կանադայի վավերագրական ֆիլմերի HotDocs միջազգային կինոփառատոնին: