Շուշիում կբացվի Մատենադարանի մասնաճյուղ

Այս տարվա սեպտեմբերին Շուշիում կբացվի Մատենադարանի մասնաճյուղ։  Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց  «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Գաբրիել Ջամբարջյանը։

Նա հայտնեց, որ այն բացվելու է հիմնադրամի միջոցներով և աշխատանքներն արդեն իրականացվել են։

«Շուշիի մեջ Մատենադարանի մասնաճյուղ բացելու մեր ծրագիրը ոչ միայն մշակութային է, այլ նաև  քաղաքականություն է՝ ցույց տալու համար մեր մշակույթը,  որ մենք դարեր առաջ վանքեր ենք ունեցել»,-ասաց նա։

Գաբրիել Ջամբարջյանը նշեց, որ շատ արժեքավոր նմուշներ ունեն, որոնք գտնվում են Երևանի Մատենադարանի մեջ և դրանց կրկնօրինակները պետք է ցուցադրվեն Շուշիի նորաբաց մասնաճյուղում։ «Դա մշակութային ձեռքբերում է և մեր փաստաթուղթը, որ այդ հողը մեր հողն է»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Մատենադարանի մասնաճյուղի բացման քաղաքական նշանակությանը՝ նա ասաց, որ արտերկրից ժամանող հյուրերը այցելելով Շուշի, կտեսնեն, որ այդտեղ ադրբեջանական որևէ բան չկա, մզկիթներ չկան, միայն եկեղեցիներ են։ «Դա մեծ նվաճում կլինի մեր հարցի և հողատիրության համար»,-ասաց նա։

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ հայերը համաշխարհային մշակույթին շատ լավ արժեքներ են տվել: «Մեր մշակույթն աշխարհով մեկ տարածված է, և այսօր էլ մշակութային
կենտրոնների զարգացումն ուղղված է դրանց պահպանությանը»,– ասաց նա։

Scroll Up