ԱՄՆ Սենատի հանձնաժողովը աջակցել է ՀՀ եւ ԼՂՀ ֆինանսական օգնության ծրագրին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/Mark.jpg)
ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հուլիսի 9-ին՝ 2016թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, միացել է սենատոր Մարկ Քիրքին եւ աջակցություն հայտնել Լեռնային Ղարաբաղին անմիջական օգնություն տրամադրելու ծրագրին։ Այս ծրագրի շրջանակներում ԼՂՀ քաղաքացիներին մարդասիրական օգնություն է ցուցաբերվում 1998թ.-ից։ Այս մասին տեղեկացնում են Ամերիկայի հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից։
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Մարկ Քիրքին՝ Լեռնային Ղարաբաղին օգնության ծրագրին աջակցելու համար։ Այդ ծրագիրը օգնում է բավարարել առօրյա մարդասիրական կարիքները եւ հանդիսանում է Արցախի քաղաքացիների ժողովրդավարական ձգտումների նկատմամբ ամերիկյան համերաշխության հզոր դրսեւորում։ Մենք շատ ուրախ ենք, որ նման կարեւոր հարցում սենատոր Քիրքը կարողացել է նման հաջող աշխատանք տանել նախագահ Գրեմի եւ այլ գործընկերների հետ»,-ասել է ԱՄՆ Հայդ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը։
2016թ. ֆինանսական տարում պետական եւ արտասահմանյան գործողությունների մասին օրինագծին կից զեկույցում մասնավորապես ասվում է. «Հանձնաժողովը կոչ է անում օգնություն տրամադրել ղարաբաղյան հակամարտության զոհերին՝ անցյալ տարիների օգնության չափին համապատասխան, ինչպես նաեւ հակամարտության հետ կապ ունեցող ընթացիկ կարիքների բավարարման համար։ Հանձնաժողովը հետեւողականորեն կոչ է անում հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»։
Բացի այդ, օրենսդիրները զեկույցում ընդգծել են Լեռնային Ղարաբաղի ներքին՝ ոչ սահմանամերձ շրջաններում, այդ թվում՝ նախկինում փակ համարվող գյուղատնտեսական հողերի եւ բնակելի շրջաններում, ականազերծմանն ուղղված ջանքերի շարունակականության կարեւորությունը։ «Հանձնաժողովը ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղում ականների պատճառով բնակության մեկ շնչին բաժին ընկնող դժբախտ դեպքերի ցուցանիշն աշխարհում ամենաբարձրներից մեկն է, եւ որ ականազերծման ծրագրերը արդյունավետ են եղել այն վայրերում, որտեղ անցկացվել են։ Հանձնաժողովն անհանգստացած է տարածաշրջանում ականազերծման գործունեության տարածքային սահմանափակումների հանգամանքից եւ խորհուրդ է տալիս շարունակել այդ ծրագրերի ֆինանսական եւ աշխարհագրական ընդլայնումը»,- նշել են սենատորները։
Ի հեճուկս կոնկրետ երկրների համար օգնության մակարդակ չսահմանելու միտումների՝ Հատկացումների հանձնաժողովը հանդես է եկել կոնկրետ առաջարկներով՝ Հայաստանին 20.06 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել,1.7 մլն դոլար հատկացնել արտասահմանյան ռազմական ֆինանսավորման շրջանակներում եւ 600 հազար դոլար՝ ռազմական կրթության եւ պատրաստության շրջանակներում։ Ինչպես նաեւ առաջարկվում է Ադրբեջանին եւ Վրաստանին համապատասխանաբար 8.778 մլն դոլար եւ 54 մլն դոլար տնտեսական օգնություն ցուցաբերել։ Նախորդ տարիների օրինակով Սենատին կոչ է արվել ապահովել Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող օգնության համահավասարությունը։
Զեկույցում հատուկ հիշատակում է պարունակվում այն մասին, որ Հատկացումների հանձնաժողովը անհանգստացած է Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ կաշառակերության ոլորտում տիրող իրավիճակից, եւ կոչ է անում Պետական դեպարտամենտին իր ջանքերի մասին զեկույց ներկայացնել, որի նպատակն է հասնել Ադրբեջանում խղճի բանտարկյալների ազատմանը։
Սիրիայում շարունակվող ճգնաժամի կապակցությամբ Հատկացումների հանձնաժողովը առաջարկում է 195 մլն դոլար օգնություն հատկացնել երկրի ներսում տեղահանված եւ լրացուցիչ գումարներ՝ Հորդանանի, Լիբանանի եւ Թուրքիայի փախստականների համար։ Այդ երկրների թվում չի հիշատակվում Հայաստանը, որտեղ տարբեր գնահատականներով հաստատվել է 17 հազար սիրիացի։
Հիշեցնենք, որ հունիսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը 2016թ. ֆինանսական տարվա պետական բյուջեի իր տարբերակում չէր նշել Կովկասյան երկրներին հատկացվող օգնության չափը։ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի նիստերում համապատասխան նախագծերի քննարկումից հետո Կոնգրեսի 2 պալատում պլանավորվում է խորհրդակցություն հրավիրել, որպեսզի կարգավորեն տարաձայնությունները եւ համաձայնեցված տարբերակն ուղարկեն ԱՄՆ նախագահի հաստատմանը։ Սակայն եթե նրանք չկարողանան համաձայնության գալ այդ խորհրդակցությունների ժամանակ, պալատների ղեկավարները կարող են արտասահմանյան օգնության ծախսերը ներառել ծախսերի ավելի խոշոր նախագծերի մեջ։