ԵՄ 6 մլն եվրո է տվել Հայաստանին գյուղատնտեսության զարգացման համար

Եվրոպական միությունը 2015 թվականին 6 մլն եվրո դրամական օգնություն է փոխանցել Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման նպատակով:
Եվրոպական միության երևանյան գրասենյակի փոխանցմամբ՝ գումարը ՀՀ կառավարությանը տրամադրվել է Գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման եվրոպական հարևանության ծրագրի շրջանակում:
Հաստատելով գումարի փոխանցումը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան շնորհավորել է Հայաստանի կառավարությանը և հատկապես Գյուղատնտեսության նախարարությանը անցած տարի գյուղատնտեսական ոլորտի վերաբերյալ ներկայացված ընդհանուր պայմանները բավարարելու կապակցությամբ:
«Ես հասկանում եմ, որ ներկայումս իրականացվում են հաջորդ կարևոր քայլերը, ինչպես օրինակ՝ գյուղատնտեսական զարգացման ռազմավարության միջնաժամկետ վերանայումը, որի հիման վրա երկրորդ փուլում պետք է մշակվի 2015-2025 թվականների նոր ռազմավարությունը: Ես կարևոր եմ համարում, որ այս գործընթացը ներառական է, ունի հստակ նպատականեր, արդյունքներ և ցուցիչներ, ինչպես նաև ավարտին է հասցվել ժամանակին»,- նշել է եվրոպացի դեսպանը:
Դեռևս 2015 թվականի դեկտեմբերին Եվրոպական միությունը հաստատել էր «Գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման եվրոպական հարևանության ծրագրի» շրջանակում Հայաստանի կառավարությանը 25 մլն եվրո ֆինանսական օժանդակության տրամադրումը: Ծրագիրը կիրականացվի 3 տարով, որի ընթացքում ՀՀ պետական բյուջեն կհամալրվի 20 մլն եվրոյով՝ գյուղատնտեսության և գյուղական շրջանների կայուն զարգացման համար: Եվս 5 մլն եվրո առանձին տրամադրվելու է Գյուղատնտեսության նախարարությանը և գյուղատնտեսական խմբերին: