Սիրիացի ահաբեկիչները խոստովանել են, որ պատրաստություն են անցել Թուրքիայում

Սիրիայի կառավարական բանակի կողմից Հալեպում ձերբակալված ահաբեկիչները խոստովանել են, որ մարտական պատրաստության կուրսեր են անցել Թուրքիայի հատուկ ռազմական ճամբարներում, որտեղ նրանց մարզել են ԱՄՆ, Թուրքիայի եւ Կատարի ռազմական մասնագետները։

news.am-ը գրում է, որ Ահմադ Մուստաֆա Մաստարի անունով ահաբեկիչը Սիրիայի պետական հեռուստատեսության եթերում խոստովանել է, որ ինքը Համա նահանգից է։ Հավաքագրվելուց 4 ամիս անց իրեն ուղարկել են Իդլիբ նահանգի Սիլկին ավան, որից հետո՝ Թուրքիա։ Նա մեկ ամիս մարտական պատրաստություն է անցել Թուրքիայում, որից հետո նրան ուղարկել են Հալեպ՝ նշանակելով Սալահ ադ Դին թաղամասի դիրքերի ղեկավար։

Զաքարիա Շրակ ազ Զեյթ անունով մեկ այլ հալեպցի ահաբեկիչ խոստովանել է, որ հավաքագրվել է «Աթ Թաուհիդ» խումբ եւ մասնակցել այսպես կոչված «Հալեպ» գործողությանը։

Մուհամմեդ Ակիլ անունով ահաբեկիչը պատմել է, որ իրեն նույնպես հավաքագրելուց հետո ուղարկել են Իդլիբ, որտեղ ինքը մարտական պատրաստություն է անցել ԱՄՆ, Թուքրիայի եւ Կատարի մասնագետների ենթակայության տակ։ Հետո իրեն ուղարկել են Թուրքիա՝ «վերապատրաստման»։ Սիրիա վերադառնալուց առաջ բոլոր վարձկանները 200 դոլար պարգեւ են ստացել։

Scroll Up