Հայկական կոնյակը՝ «լավագույն ալկոհոլային խմիչք»

Հոլիվուդյան դերասան Ջեք Մաքսվելը հայտնի է նաեւ որպես ճանապարհորդ, որն իր հաղորդման շրջանակներում ներկայացնում է տարբեր երկրներ։
radiotimes.com-ի փոխանցմամբ՝ գրում է Արցախպրեսը, մի քանի ամիս առաջ Ջեքը այցելել էր Հայաստան։ Վերջերս նա ամփոփել է իր բոլոր ճանապարհորդությունները եւ կազմել «լավագույն ալկոհոլային խմիչք» թոփ-տասնյակը։
Լավագույն տասնյակում հայտնվել են Պերուն (պիսկո), Ճապոնիան (սակե), Բելիզը (շոկոլադե ստաուտ), Իսլանդիան (բիրկիր), Թուրքիա (ռակիա), Իսպանիա (ռատաֆիա՝ խոտաբույսերից պատրաստված թուրմ), Ճապոնիա (վիսկի, փոքր-ինչ զարմանալի է, բայց փաստ), Մոնղոլիա (Չինգիս խան օղի), Ավստրիան (ռոմ) եւ Հայաստանը («Դվին» կոնյակ)։ Մաքսվելի «Լավագույն ալկոհոլային խմիչք» թոփ-տասնյակի ութերորդ տեղը զբաղեցրած հայկական կոնյակի մասին ճանապարհորդը գրել է.
«Ասում են, որ հայկական կոնյակը բարեկամական հարաբերություններ է հաստատել Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի միջեւ Յալթայում կայացած հանդիպման ժամանակ։ Ասում են, որ դրանից հետո Ստալինը 400 շիշ կոնյակ է ուղարկել Չերչիլին։ Ասում են նաեւ, որ Ռուզվելտին նույնպես հայկական կոնյակ են ուղարկել։ Չգիտեմ՝ ճիշտ է սա, թե ոչ, բայց ես իսկապես հավանեցի այն։ Հայկական կոնյակը ուղղակի ֆանտաստիկ համ ուներ։ Ես երբեք նման կոնյակ չէի ըմպել»,- գրել է Ջեքը։