«Շնորհակալություն, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս» պաստառները Մասաչուսեթսի փողոցներում

«Խաղաղության արվեստ» կազմակերպությունը ևս մեկ վահանակով ավարտում է իր՝ 2015թ-ի՝ «100 վահանակ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին» խորագրով քարոզարշավը:

Վահանակը ներկայացնում է շնորհակալական ուղերձ.

«Շնորհակալություն, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, իր կողմից մատուցված պատարագի համար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»:

«Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում Մեծ եղեռնը անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն:» Իրադարձությունն աննախադեպ էր, քանի որ Հռոմի պապն առաջին անգամ էր պատարագ մատուցում՝ հիշատակելով Հայոց ցեղասպանությունը:

Նա կոչ արեց բոլոր պետությունների ղեկավարներին և միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև աշխարհի խաղաղասեր հանրությանը ճանաչել ճշմարտությունը և ընդդիմանալ նման հանցագործություններին»,- իր խոսքում ասել է «Խաղաղության արվեստ» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանը՝ հավելելով,- « ըստ վիճակագրական տվյալների 2013թ-ին քրիստոնյա կաթոլիկների թիվը աշխարհում կազմում էր շուրջ 1,254 մլրդ մարդ, և նման քաջ արտահայտություն Հռոմի Պապից կողմից, ով գլուխն է կաթոլիկ եկեղեցու, միանշանակ արժանի է հարգանքի ու բարձր գնահատանքի»:

2015 թ-ի հունվարից սկսած «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը նախաձեռնեց ցեղասպանության իրազեկման վահանակների քարոզարշավը՝ «100 վահանակ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին» խորագրով՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում և Կանադայում բարձրացնելով էլեկտրոնային և ստատիկ վահանակներ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև վերջին հարյուր տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին:

Հեղինե Գեւորգյան   

Scroll Up