Հայաստանի սահմանապահները սահմանն անցած կովին վերադարձրել են թուրքերին

Կարսի Արփաչայ շրջանում արածող խոշոր եղջերավոր անասուններից մի կով անցել է Հայաստան:

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «Sondakika» լրատվական կայքը հայտնում է, որ հովիվը փայտով ծեծել է կովին, ինչի պատճառով է կենդանին փախել և մտել է Ախուրյան գետը: Հայ սահմանապահները չորքոտանուն հանել են գետից՝ փրկելով ջրախեղդ լինելուց:

Գյուղի բնակիչները կովը հետ ստանալու համար դիմել են Դիգորի համայնքապետարան: Համայնքապետ Իսա Բոլաթը կովի համար  հուլիսի 2-ին խոսել է Հայաստանի սահմանապահության պատասխանատուների հետ:

Համապատասխան ընթացակարգից հետո Հայաստանի սահմանապահ զինվորները կովին տարել են գետի մոտ, սակայն կենդանին հրաժարվել է անցել հանդիպակաց կողմ: Զինվորները սանձը նետել են գետի մյուս ափ, որպեսզի կովի տերը կարողանա կենդանուն հանել գետից:

Թուրք հովիվը կովը հետ ստանալուց հետո հայտնել է, որ երջանիկ է երեք օր հետո կենդանուն վերագտնելու համար:

Scroll Up