ԼՂՀ վարչապետն ընդունել է ֆրանսիահայ բարերարների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը կարևորել է ֆրանսիահայ և ֆրանսիացի բարերաների կատարած հսկայական աշխատանքը երկրի զարգացման գործում:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Արցախի վարչապետը հուլիսի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների Արցախում Հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի մշտական ներկայացուցիչ Միշել Տանկրեզի գլխավորությամբ:
Հիմնադրամի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանած հյուրերին` նրանց թվում նաև Շարանտի քաղաքապետին ողջունելով՝ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Բարով եք եկել Արցախ՝ մի հող, որն առանձնանում է իր հյուրասիրությամբ, բնությամբ և պատմությամբ, և որի զարգացման գործում դուք ևս ունեք ձեր ներդրումը»: Վարչապետն ընդգծել է Արցախի կյանքում ֆրանսիահայ և ֆրանսիացի բարերաների մասնակցության նշանակությունը, ովքեր տարբեր խողովակներով աջակցել են բարեգործական ծրագրերի իրագործմանը` հիմնականում կրթության, մշակույթի, սպորտի և ենթակառուցվածքների բնագավառներում:
Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի համայնքային կենտրոնի նվիրատուին՝ կարևորելով նորակառույց շենքի դերը համայնքային կյանքին նոր շունչ ու ոգի հաղորդելու գործում: Ի պատասխան՝ բարերարը խոստովանել է, որ նվիրատվությունը կատարել է ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած իր ծնողների և հանուն հայրենիքի զարգացման:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է բարերարներին հետաքրքրող մի շարք հարցերի: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, ինչպես նաև հույս հայտնել, որ տնտեսության զարգացման շնորհիվ բնակչությունն ավելի ամուր կկանգնի հայրենի հողի վրա:
Հանդիպմանը ներկա էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը, Հիմնադրամի ԼՂՀ մասնաճյուղի ներկայացուցիչ Վալերի Ղազարյանը: