La Razon. Հեգնական կլինի, եթե Հայոց ցեղասպանության 100-րդ տարում նոր հոլոքոստ տեղի ունենա
Իսպանական La Razon-ը անդրադարձ է կատարել Մերձավոր Արևելքում քրիստոնյանների սպառնալից դրությանը՝ զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության փաստի հետ, գրում է armeniangenocide100.org-ը:
Սիրիայի քրիստոնյաները հուսահատ ճիչով կրկին նայում են Եվրոպային: Նրանք համոզված են, որ տարիներ անց` ոչ հեռավոր ապագայում, պատերազմի արդյունքում երկիրը կհայտնվի «Իսլամական պետության» ձեռքում:
Նրանց այդ ճիչը լսելի է դառնում նաև Հետապնդվող քրիստոնյաների խնամքի և փրկության ասոցիացիայի միջոցով, որն այս տարի բացվել է Իսպանիայում: Այս ասոցիացիան պատրաստ է օրական 2000 քրիստոնյայի տարհանել, քանի դեռ չեն փակվել սահմանները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի կառավարության հետ նրանց մի մասին ընդունելու համար, սակայն ավելի սերտ համագործակցություն է անհրաժեշտ մի շարք այլ երկրների հետ: «Անհրաժեշտ է, որ Իսպանիայի կառավարությունը համակարգի այդ քրիստոնյաներին հատկացվող օգնությունը, իսկ եթե ոչ Իսպանիան, ապա մեկ այլ ԵՄ երկիր: Հեգնական կլինի, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարում նոր հոլոքոստ տեղի ունենա` 2015 թվականին: Եթե կառավարությունները չգործեն, չափազանց ուշ կլինի», – մեկնաբանում է «Փրկենք քրիստոնյաներին» նախաձեռնության ղեկավար Քեյթ Դևիսը: