Կարսում հայերի որսի մասին հայտարարած թուրք ազգայնականը ճնշումների տակ հրաժարվել է իր խոսքերից

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող հայոց նախկին մայրաքաղաք Անիում Տիգրան Համասյանի համերգից հետո խիստ անհանգստացած Կարսի ազգայնական «Իդեալիստական օջախներ»-ի նախագահ Թոլգա Ադըգյուզելի ռասիստական հայտարարությունը մեծ արձագանք է գտել Կարսում, գրում է News.am-ը:

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, ռասիստ-ազգայնամոլ Թոլգա Ադըգյուզելի հայտարարությունից հետո նրա դեմ խիստ հայտարարությունները ստիպել են նրան փորձել հրաժարվել իր խոսքերից։ Նա հայտարարել էր, թե իր խոսքերը սխալ են հասկացվել։

Ռասիստ գործչի հայտարարությունից հետո քննադատական հայտարարությամբ էր հանդես եկել «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության Կարսի նահանգային գրասենյակի նախագահ Օզֆեր Քոչաքը՝ շեշտելով, որ իրավապահները պետք է անմիջապես Ադըգյուզելի նկատմամբ հետաքննություն սկսեն։ «Ադըգյուզելը սպառնացել է հայերին եւ քրիստոնյաների հանդեպ ատելություն սերմանող հայտարարություն արել, որը քրեորեն հետապնդելի է»,-ասել է Օզֆեր Քոչաքը։

Ազգայնամոլ գործչի հայտարարությանն արձագանքել  նաեւ Կարսի նախկին քաղաքապետ Նայիֆ Ալիվեյօղլուն՝ շեշտելով, որ քննադատում է նման ռասիստական հայտարարությունը։

Այս հայտարարությանը արձագանքել է նաեւ «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Սեմիհ Յալչընը՝ շեշտելով, որ դա իրենց կուսակցության տեսակետը չէ, այլ անձնական կարծիք է եղել, ինչը հակասում է իրենց կուսակցության սկզբունքներին։ «Մեր կուսակցությունը չի կարող լինել այնպիսի հայտարարությունների հետ համակարծիք, որոնք կանհանգստացնեն մեր քաղաքացիներին։ Այդ հարցով մենք մեր կուսակցության ներսում միջոցներ կձեռնարկենք»,-ասել է ազգայնական գործիչը։

Նշենք, որ Անիում Տիգրան Համասյանի համերգից հետո Կարսի ազգայնական «Իդեալիստական օջախներ»-ի նախագահ Թոլգա Ադըգյուզելը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե «այդ» հայերը 1915-ին հարյուրհազարավոր թուրքերի են «ցեղասպանության» ենթարկել եւ զարմանում է, թե հիմա ինչու են եկել համերգ տալիս, այն էլ քահանայի հագուստով։ «Թե մենք էլ Կարսի փողոցներում դուրս գա՞նք հայերի որսի»,-ասել էր ռասիստ գործիչը։

Scroll Up