«Քամփ Արմեն»­ի հարցով Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը դիմել է ԵԽ­-ին և Եվրախորհրդարանին

Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցի տարածքի հետ կապված դիմում է ներկայացրել Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net­-ը: Իրավապաշտպան կազմակերպության անդամները հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել են, որ չնայած տրված խոստումներին՝ «Քամփ Արմեն»-­ը դեռևս չի վերադարձվել Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին:

Թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան ուղարկված դիմումների մեջ նշվել է, որ ոչ մուսուլմանական համայնքին պատկանող սեփականության հափշտակմամբ Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների և Լոզանի համաձայնագրերը: Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք հետևողական են լինելու ոչ միայն ներազգային, այլև միջազգային իրավական հարթակներում խնդիրը կարգավորելու հարցում: Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից «Արմեն ճամբար» ամառային որբանոցը կառուցվել է հայորբերի աշխատանքով: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: Նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն:

«Արմեն ճամբար» որբանոցը թուրքական պետության որոշումով փակվել է 1983 թվականին: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել որբանոցի վերանորոգում, ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում: Թուրքիայում 2011թվականին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79տարի բռնագրավված անշարժ գույքը վերադաձնելու մասին, սակայն, Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից այդ ամառային ճամբար­մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակագույքի ցուցակում: 5.552 հազար քմ տարածք ունեցող որբանոցը 1961 թվականին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը: Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազի երեխաներից մեկը հետագայում հաջողացրել է որբանոցից 600 քմ տարածք գնել: 1974 թվականին այդ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում նա կարողացել է զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել իր կողմից գնված 600 քմ­ին: 1977 թվականին փոքրամասնությունների հիմնադրամների մասին ընդունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է: Ստամբուլում մայիսի 6­ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տարբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: «Արմեն ճամբար»­ի տարածքում մշտական մարդկային հերթապահություն է:

Scroll Up