Գոբելենի խմբակի սաները ներկայացան ցուցահանդեսներով

Մոսկվայի «Հայորդյաց տան»՝ծավալային գոբելենի խմբակի սաների հեղինակային աշխատանքներով մայիս-հունիս ամիսներին հիանալու հնարավորություն ունեցավ ոչ միայն հայ, այլև ռուս այցելուն: Ցուցահանդեսներն անցկացվեցին Սբ. Պայծառակերպություն եկեղեցական համալիրում, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում և այլուր: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Մոսկվայի «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնը:

Սբ. Պայծառակերպություն եկեղեցական համալիրում կայացած ցուցահանդեսին ներկա էր նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ում օրհնությամբ վեց տարի առաջ հիմնադրվել է գոբոլենի խմբակը և մինչ օրս ղեկավարվում էծավալային գոբելենի Հայաստանի ժողովրդական վարպետՅուրի Հովսեփյանի կողմից: Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մեկ առ մեկ զրուցեց խմբակի սաների հետ, ծանոթացավ նրանց աշխատանքներին և իր օրհնությունը փոխանցեց նրանց:

Վեց տարի առաջ գոբելենի խմբակում կար 7 սան, իսկ այսօր նրանք տասնվեցն են և հիմնականում «Հայորդյաց տան» սաների ծնողներն են:Խմբակի դասընթացներն անցկացվում են շաբաթական մեկ անգամ և ստեղծված ընտանեկան, ջերմ և, միաժամանակ, ստեղծագործական մթնոլորտում աշխատում են 3-4, երբեմն էլ 5-6 ժամ: Խմբակում ստացած գիտելիքները կիրառելի են կյանքում և կենցաղում: Ծավալային գոբոլենը չի կարելի համեմատել դասական գոբելենի հետ, քանի որ դասական գոբելենում նկարն ու գործվածքը ստեղծվում են միաժամանակ, իսկ ծավալային գոբելենում վերցնում են նկարած կտորը և աշխատում դրա վրա:

«Իմ սաների աշախատանքերը մասնակցել են բազմաթիվ ցուցահանդեսների, վարպետության դասերի, սեմինարների: Կարծում եմ, որ նմանօրինակ երկրորդ ստուդիա ողջ Ռուսաստանում չկա: Իսկ խմբակի գոյությամբ պարտական և շնորհակալ ենք թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Մեր գործունեության ընթացքում մեծ աջակցություն ենք ստանում նաև «Հայորդյաց տան» տնօրենությունից, ինչի համար ևս շնորհակալ ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Յուրի Հովսեփյանը՝ հավելելով, որ սաների հետ աշխատանքը անչափ հաճելի է, քանի որ գործ ունի տաղանդավոր, աշխատասեր և բանիմաց հայուհիների հետ:

Խմբակում ընդգրկված կանայք միաբերան փաստում են, որ դասընթացներն անչափ հետաքրքիր և ուսուցողական են, իսկ ստեղծված ջերմ և դրական լիցքերով մթնոլորտը մոռացնել է տալիս առօրյա հոգսերը: Աշխատանքները բացառապես հեղինակային են և ստեղծվում են սեփական էսքիզով: A3 չափի աշխատանքը հնարավոր է ավարտել 3-4 շաբաթում: Սա խոսում է աշխատանքի ժամանակատարության, բայցև արդյունքի անկրկնելիության մասին: Յուրաքանչյուր կտավ իր գունագեղությամբ մի անկրկնելի հեքիաթային աշխարհ է, որի ավարտից հետո պարզ է դառնում, որ ներդրված ջանքերն առավել քան արդարացված են: Իսկ ցուցահանդեսների այցելուների հիացական կարծիքներն ու հայացքները մեկ անգամ ևս փաստում են, որ գեղեցիկի կարիք զգացվում է բոլոր ժամանակներում, պետք է միայն այն մատուցելու տարբերակը օրիգինալ և հաճելի լինի:

a2a3 a4 a5

Scroll Up