Ախոռի վերածված Սասունի հայկական Սբ. Պետրոս վանական համալիրը նախատեսվում է վերանորոգել

Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն գավառում գտնվող 1500-ամյա հայկական Սբ. Պետրոս վանական համալիրը պետականորեն գրանցվել է, ermenihaber.am-ը:

Թուրքական «Haberler»  լրատվակայքը հայտնում է, որ գրանցումն իրականացվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանման տարածքային կենտրոնի կողմից: Տարածքը զբոսաշրջության առումով  ավելի գրավիչ դարձնելու նպատակով որոշում է կայացվել վերականգնել եկեղեցին և հարակից հայկական գերեզմանները:

350 սենյակից բաղկացած եկեղեցական համալիրը վերջին շրջանում տեղաբնակների կողմից որպես ախոռ էր օգտագործվում: Կառույցի ներսը լցված էր աղբով:

Վանական համալիրի համար տարիներ շարունակ պայքար մղող Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միության ղեկավար Ազիզ Դաղջըն հայտարարել է. «Մենք շարունակելու ենք պայքարը հայերին պատկանող պատմական եկեղեցու, վանական համալիրի և բոլոր հարակից կառույցների համար»:

Հետաքրքրական է, սակայն, որ Սասունի Մեշելի (Քոմք) գյուղում գտնվող պատմական համալիրը գրանցվել է Չայըրլը գյուղի վրա, ինչը առացաջրել է հայերի վրդովմունքը: Ըստ Ազիզ Դաղջըի՝ պատմական բոլոր աղբյուրներում նշվում է, որ սբ. Պետրոս առաքյալի եկեղեցին ու վանական համալիրը գտնվում են Քոմք, այսինքն Մեշելի գյուղի տարածքում: Նա նաև տեղեկացրել է, որ իրենք սկսելու են համապատասխան իրավական գործընթաց՝ այդ սխալն ուղղելու համար:

Scroll Up