Կիլիկյան Հայաստանի տարածքում եկեղեցի ու բերդ է վերակառուցվում

Ադանայի Ֆեքե շրջանում գտնվող Սև եկեղեցու և բերդի վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են, հայտնում է Artsakhpress-ը:
«Միլլիյեթ» թերթի կայքի փոխանցմամբ՝ նախատեսված է վերակառուցման աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ։
Շրջանի թաղապետ Հասան Գեզերը նշում է, որ արդեն երկու տարի շարունակվող շինարարության ավարտից հետո այն զբոսաշրջության համար կարևոր վայր կդառնա՝ օգուտ բերելով թաղամասին։
«Վերջին շրջանում Թուրքիայի տարբեր անկյուններից և դրսից բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս եկեղեցին ու բերդը տեսնելու։ Եթե նրանց այստեղ հյուրընկալելու համար տեղեր ստեղծվեն, ավելի շատ զբոսաշրջիկներ կգան»,-ասում է նա։
Ֆեքե բերդի վերակառուցման աշխատանքներում ներգրավված հնագետ Ադեմ Յըլդըզը նշում է, որ բերդը կառուցվել է 1000-ական թվականներին և գտնվում է Կիլիկյան Հայաստանի տարածքում։
«Կառույցը երկհարկանի է։ Այստեղ ամենամեծ դժվարություններից մեկն այն է, որ այցելուները մնալու տեղ չունեն։ Բերդի կողքին նույն վայրի 14 այլ եկեղեցիների հետ կապ ունեցած Սև եկեղեցու վերակառուցումն է ընթանում։ Վերակառուցվելու են նաև այլ բերդեր»,- ասել է նա։