ԼՂՀ վարչապետը դիմավորել է Արցախ ժամանած շուրջ 200 ընտանիքների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 20-ին այցելել է Շահումյանի շրջան եւ դիմավորել Վարդենիս-Մարտակերտ մայրուղով Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Հայաստանի Հանրապետությունից՝ ամառային հանգիստն անցկացնելու նպատակով Արցախ ժամանած ավելի քան 200 ընտանիքի: Նախաձեռնությունը պատկանում է  «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանին, ով գլխավորում էր հայրենադարձ ընտանիքների պատվիրակությունը, հայտնում է News.am-ը:

Վարչապետ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, հատուկ շնորհակալություն է հայտնել «Արցախ» հայրենակցական միությանը՝ ի դեմս նախագահ Վարուժան Գրիգորյանի, նման նախաձեռնության համար: Ա. Հարությունյանը նշել է, որ այն մեծ նշանակություն ունի Արցախի ու ծագումով արցախցիների համար:

Վարչապետն ընդգծել է, որ նախաձեռնությունն ունի նաեւ տնտեսական բաղադրիչ, սակայն ամենակարեւորն արցախցիներին իրենց պատմական հայրենիքի հետ կապելն է: «Մենք շնորհակալ ենք, որ մեր հայրենակիցներն արձագանքել են այստեղ հանգստանալու կոչին, եւ համոզված ենք, որ սա շարունակական է լինելու»,- ասել է  Ա. Հարությունյանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ հանգստի նպատակով Արցախ ժամանածների մեջ լինելու են մարդիկ, որոնք, տարիներ առաջ թողնելով Արցախը, հայրենիք վերադառնալու ցանկություն կունենան: «Ես համոզված եմ, որ այն կյանքը, որ դուք ունեք օտար ափերում, ավելի լավը չէ, քան հայրենի հողում: Վստահ եմ, որ մենք տեսնելու ենք ընտանիքներ, որոնք ժամանակի ընթացքում վերադառնալու եւ հաստատվելու են Արցախում»,- եզրափակել է վարչապետը:

Իր հերթին «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանը, ողջունելով ավտոերթի մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնելով վարչապետ Հարությունյանին ջերմ ընդունելության համար, ասել է. «Ես շատ ուրախ եւ ոգեւորված եմ, որ այսքան մարդ է արձագանքել մեր առաջին կոչին: Իսկապես, սա հայրենասիրական մեծ քայլ է, եւ կարծում եմ՝ ամեն մի հայ պետք է գոնե մեկշաբաթյա հանգիստ անցկացնի իր հայրենի հողում»:

Վ. Գրիգորյանը խոստացել է, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:

Scroll Up