Գանձասարի հարևանությամբ ընթանում են Մատենադարանի արցախյան մասնաճյուղի շինարարական աշխատանքները

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի Գանձասար վանական համալիրի հարևանությամբ, պետական բյուջեի միջոցներով վերակառուցվում է Երևանի Մատենադարանի արցախյան մասնաճյուղի համար նախատեսված շենքը:

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` շենքը բազմաֆունկցիոնալ է. գրքերն ու ձեռագրերը կպահպանվեն առաջին հարկում հատուկ պատրաստված գրապահոցներում, որտեղ կգործի նաև ընթերցասրահ:

Առաջին հարկում տեղակայված կլինի նաև գիտաժողովների համար նախատեսված կոնֆերանս դահլիճը: Երկրորդ հարկը կիսագլանաձև ծածկով 5 մետր բարձրություն ունի, այստեղ կլինի ցուցասրահը` ապակեպատ ցուցադարակներով: Այստեղ տեղակայված կլինեն նաև ադմինիստրատիվ աշխատասենյակները, սանհանգույցը և այլն: Մատենադարանում կապահովվի նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց տեղաշարժը:

Մատենադարանի շենքը վերակառուցվում է ճարտարապետ Վալերի Հայրապետյանի նախագծմամբ, որին խորհրդատվության կարգով մասնակցել է նաև ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Շինարարությունն իրականացնում է «Վերանորոգման շինարարության տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունը, պատվիրատուն` ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել ընթացիկ տարվա նոյեմբերին:

Նշենք, որ շինությունը, որտեղ պետք է պահպանվեն հին հայկական ձեռագրերն ու մատյանները, կառուցվել էր 2004 թվականին որպես հոգևոր դպրատուն: Նախորդ տարի սկսվել են շենքի վերակառուցման աշխատանքները: Այն երկհարկանի ընդարձակ շինություն է, ճարտարապետական ժամանակակից լուծումներով

Scroll Up