ԼՂՀ պաշտպանության նոր նախարարը Լեւոն Մնացականյանն է

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ պաշտպանության նախարարություն եւ բանակի հրամանատարական կազմին ներկայացրել նորանշանակ նախարար Լեւոն Մնացականյանին:
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանին իրականացրած ծավալուն աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նրա հրամանատարության տարիներին պաշտպանության բանակի մարտունակությունը հասել է նոր մակարդակի, լուծում է տրվել բազմաթիվ խնդիրների:
Բակո Սահակյանը վստահությամբ նշել է, որ Մովսես Հակոբյանը կշարունակի իր հարուստ փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի նոր պատասխանատու պաշտոնում: Խոսելով նորանշանակ նախարարի մասին` երկրի ղեկավարը նշել է, որ Լեւոն Մնացականյանը հարուստ փորձ, բանակում մեծ հեղինակություն եւ հարգանք վայելող, խոր գիտելիքներ ունեցող գեներալներից է, ով լավագույնս է դրսեւորել իրեն զբաղեցրած բոլոր պաշտոններում: Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համոզմունք է հայտնել, որ Լեւոն Մնացականյանը նույն եռանդով կաշխատի նաեւ որպես պաշտպանության նախարար ու պաշտպանության բանակի հրամանատար՝ իր ողջ կարողություններն ուղղելով բանակի զորացման եւ դրա մարտունակության շարունակական բարձրացմանը: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ նախագահի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նաեւ տեղեկացրել են, որ Բակո Սահակյանը հունիսի 15ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալլեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարպաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր` գեներալլեյտենանտ Լեւոն Մնացականյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալլեյտենանտ Մովսես Հակոբյանը պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։