Հայաստանում ձևավորվում է նոր սեգմենտ՝ արդյունաբերական գյուղատնտեսություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/07/url4-300x225.jpg)
Հայաստանում այսօր ձևավորվում է նոր սեգմենտ, այսպես կոչված, արդյունաբերական գյուղատնտեսություն, որը ենթադրում է մեծ կապիտալ ներդրումներ: Այսօր «Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտության ներկայացման ժամանակ ասաց «Ամերիա» ընկերությունների խմբի Զարգացման տնօրեն, «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը:
«Հայաստանը ԱՊՀ և Արևելյան 40 վերլուծված երկրներից գյուղատնտեսության մասով ամենամեծ տեսակարար կշիռն ունեցող (19-21%,) երկիրն է, բայց արտադրողականության հետ դեռ լուրջ խնդիր կա»,-ասաց նա: Ջրբաշյանը հավելեց, որ արդյունաբերական գյուղատնտեսության սեգմենտը թույլ կտա ապահովել հենց այդ արտադրողականությունը, ինչն էլ հնարավորություն կտա դուրս գալ մրցունակ շուկա:
«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը և հիմնականում վերաբերում է ջերմոցային, այգեգործական և ձկնաբուծական տնտեսություններին: Տիգրան Ջրբաշյանն ընդգծեց, որ կառավարությունը պետք է աջակցի ոչ միայն գյուղատնտեսության զարգացմանը, այլ նաև պայմաններ ստեղծի արդյունաբերական գյուղատնտեսության զարգացման համար, որը մեծ շահույթ կբերի:
panarmenian.net