Ռոման Ամոյանը հաղթանակից հետո կգոտեմարտի ադրբեջանցի ըմբիշի հետ

Բաքվում մեկնարկած Եվրոպական մարզական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Ռոման Ամոյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Այս մասին հաղորդում է News.am կայքը:

Պեկինի 2008թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ամոյանի վերջին մրցակիցը կլինի ադրբեջանցի ըմբիշ Էլման Մուխտարովը:

59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 6:0 հաշվով հաղթելով պորտուգալացի Ժոաո Կարվալյուին, սակայն հաջորդ գոտեմարտում նա առանց միավոր վաստակելու ժամանակից շուտ պարտվել էրՌուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին: Քանի որ ռուսաստանցի ըմբիշը կիսաեզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին եւ դուրս եկավ եզրափակիչ, Ամոյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Առաջին ու միակ սփոփիչ գոտեմարտում Ռոմանը 3:0 հաշվով հաղթեց դանիացի Տոբիաս Ֆոնեսբեքին եւ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Հունիսի 13-ի երեկոյան կայանալիք մեդալային պայքարում 31-ամյա Ամոյանի մրցակից Էլման Մուխտարովը 20 տարեկան է:

Հիշեցնենք, որ Ռոման Ամոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է Եվրոպական խաղերի առաջին մրցումային օրը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանից հանդես են գալու նաեւ Միհրան Հարությունյանը (66կգ), Կարապետ Չալյանը (75կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85կգ), ովքեր մեդալների համար կպայքարեն հունիսի 14-ին:

Scroll Up