«Նյուզ դիփլի». ամերիկահայ լրագրողի ստեղծած ստարտափը լուսաբանում է աշխարհի թեժ թեմաները

Խնդրահարույց թեմաների վերաբերյալ օբյեկտիվ ու համապարփակ տեղեկատվություն ապահովող «Նյուզ դիփլի» ծրագրի` շուկայում առաջխաղացումը կապահովեն հայաստանյան մասնագետները:

Արտասահմանում բնակվող հայ լրագրողի հիմնադրած մեդիա և տեխնոլոգիական ստարտափն իր գործունեության մի մասը տեղափոխում է Հայաստան:

«Նյուզ դիփլիի» բիզնեսի զարգացման հարցերով պատասխանատու Արփինե Գրիգորյանը ներկայացրեց երկու տարի առաջ ԱՄՆ-ում հիմնադրված ծրագրի էությունը և այն աշխատանքները, որ պատրաստվում է կատարել հայաստանյան թիմը: «Ծրագրրի էությունը նրանում է, որ այն ստեղծում է մեկ թեմային նվիրված հարթակ, այդ թեմայի շուրջ համախմբում բոլոր փորձագետներին: Ծրագիրը գործում է կայքի տեսքով ու հետաքրքիր ինտերակտիվ հարթակ է տրամադրում` շփման ու ինֆորմացիայի տարածման համար: Երբ մեր խմբագիր Լառա Սեդրակյանն աշխատում էր որպես Բլումբերգի թղթակից Մերձավոր Արևելքում և լուսաբանում էր արաբական գարունն ու հեղափոխությոնները, նա հասկացավ, որ շատ մեծ տեղեկատվական բաց կա: Բավականին տեղեկատվություն, փաստեր ու մարդկային պատմություններ դուրս են մնում ավանդական մեդիայի ուշադրությունից ու որոշեց ստեղծել «Սիրիա դիփլին», որը պարզ, մատչելի լեզվով տեղեկատվություն  կտար, թե ինչ է իրականում կատարվում Սիրիայում: Այդ մոդելի վրա սկսեցին ստեղծվել այլ հարթակներ: Հաջորդը «Էբոլա դիփլին» է, հիմա աշխատում ենք «Վոթեր դիփլիի» վրա, պլանավորում ենք այդպիսի մոտ 100 նախագիծ ստեղծել»,-ասաց Արփինե Գրիգորյանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուր թեմայով հարթակի ստեղծման ժամանակ օգտագործվում են ծրագրի սեփական թղթակիցների, համաշխարհային լավագույն լրատվականների նյութերը, տարբեր փորձագիտական ինստիտուտների ուսումնասիրությունները: «Այն բազմակողմանի է և հավաստի: Մեզ կարդում են, օրինակ, որոշումներ կայացնողները` տարբեր երկրների և բիզնեսների ղեկավարներ: Մեր մասին շատ լավ արտահայտվել է ԱՄՆ պետքարտուղարը: Նա ասել է, որ «Սիրիա դիփլին» կարևոր գործ է անում պատերազմի լուսաբանման տեսանկյունից: ԱՄՆ նախկին դեսպանը Սիրիայում ասել է, որ եթե ինչ-որ ինֆորմացիա ուզում է ճշտել իրականությանը համապատասխանում է, թե ոչ, նա «Սիրիա դիփլիում» է ստուգում, այսինքն` այդպիսի վստահություն է ձեռք բերել»,-գոհունակությամբ հայտնեց ծրագրի ներկայացուցիչը:

Արփինե Գրիգորյանի խոսքով` թեմաներն ընտրվում են ըստ նրա, թե որքանով են դրանք խնդրահարույց և թե որքանով կարող է ազդեցիկ լինել հարթակը խնդրի լուծման տեսանկյունից: «Օրինակ, Կալիֆորնիայում շատ լուրջ խնդիր է առկա ջրի հետ կապված, այնտեղ անապատները մեծանում են, ջրային ավազանները նվազում: «Վոթեր դիփլին» ենք նախաձեռնում ներկայում: Կարծում ենք, որ այդ հարթակը կօգնի իշխանությունների, բիզնեսների գլխին կանգնած մարդկանց նմանատիպ խնդիրների լավ լուսաբանման ու լուծումներ գտնելու վրա ուղղել միջոցները, որ վատնում են մարկետինգի վրա»,-հայտնեց զրուցակիցը:

«Նյուզ դիփլի» ստարտափը դարձել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ անցկացվող դրամաշնորհային մրցույթի հաղթող:

Արփինե Գրիգորյանի խոսքով` ստացած դրամաշնորհը կբավականացնի, որ Հայաստանում ունենան գրասենյակ` 4 աշխատակցով, իսկ հաջորդ տարի պլանավորում են նրանց թիվը հասցնել 7-ի: «Հայաստանյան գրասենյակից կզբաղվենք հիմնականում կոնտենտի պրոդաքշնի, մարկետինգի, նաև բիզնեսի զարգացման հարցերով: Վաճառքների նախնական փուլերը, հետազոտություններն արվելու են Հայաստանից»,-ավելացրեց նա:

Scroll Up