ԱՄՆ պետդեպը քննադատել է Էրդողանին լրագրողների, հայերի հասցեին ռասիստական արտահայտության համար

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կոչ է արել ԶԼՄ­ների հասցեին վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցնող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավատարիմ մնալ ժողովրդավարության արժեքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով ԱՄՆ պետդեպի կայքը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմավարական հաղորդակցության հարցերով գլխավոր խորհրդական Մարի Հարֆը:

«Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին սեփական գործողությունները համապատասխանեցնել ժողովրդավարության սկզբունքներին` ներառյալ դատական անկախությունը, խոսքի ազատությունը, մեդիայի և տեղեկատվության հասանելիությունը: Մենք դա բազմիցս ենք ասել և շարունակում ենք մտահոգված մնալ այս հարցով»,­ ասել է Մարի Հարֆը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հարֆը քննադատորեն է մոտենում հայերի, հոմոսեքսուալների և լրագրողների հասցեին Էրդողանի արած ռասիստական հայտարարությանը, ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչն ասել է. «Միանշանակ»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խախտելով սահմանադրությամբ արձանագրված նախագահի անկողմնակալության սկզբունքը, շարունակում է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քարոզչություն իրականացնել` թիրախավորելով հասարակության տարբեր զանգվածների: Բինգյոլում տեղի ունեցած ելույթում Էրդողանը ռասիստական հայտարարություններ է հնչեցրել հայերի, լրագրողների և համասեռամոլների հասցեին` մեղադրելով նրանց խորհրդարանական ընտրություններում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն աջակցելու մեջ:

«Հայկական լոբբին, հոմոսեքսուալները և նրանք, ովքեր հավատում են «ալևիզմին առանց Ալիի», խռովարարներ են»,­ հայտարարել էր Էրդողանը:

Scroll Up