Հայ գործիչը Թուրքիայի ընտրություններին քրդամետ ուժին աջակցելու մասին

Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական կազմակերպությունների դաշնությունը հայտարարություն է տարածել Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» (HDP) կուսակցությանն աջակցելու մասին, ինչը դրական ու բացասական տարբեր արձագանքներ է գտել Թուրքիայում:

Քրդամետ կուսակցության առնչությամբ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բաթմանում կայացած հանրահավաքի ընթացքում վերջերս ասել էր՝ «մեկից, ում ընկերը հայկական սփյուռքն է, ի՞նչ օգուտ կարող ենք տեսնել»: Նրա այս հայտարարությունը վեճերի պատճառ էր դարձել:

«Ակօս»-ը զրուցել է կազմակերպության խոսնակ Պետո Դեմիրճյանի հետ:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են աջակցում HDP-ին, Դեմիրճյանը նշել է, որ հավատում են, որ այդ կուսակցությունը Թուրքիայի տարբեր ազգային ինքնություններն է ներկայացնում, և դա այն է, ինչ այժմ անհրաժեշտ է 10 տարի շարունակ «Արդարություն և զարգացում» կուսակցության միապետությունից ազատվելու համար:

«Քրդերի հետ ցավերով լի անցյալը հետևում ենք թողել, այժմ երկու կողմն էլ անկեղծորեն ապագային է նայում: Անցյալն ընդունելու, առերեսվելու, ապագային նայելու, հայերի և թուրքերի միջև համաձայնության գալու համար հիմք է պետք»,-ասել է նա:

Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ հայկական կազմակերպությունը Եվրոպայում բնակվող թուրքերին կոչ է անում քվեարկել այս կամ այն կուսակցության օգտին:«Այդ կոչը հատկապես զարգացած, մտավորական շրջանակների կողմից լավ ընդունվեց: Թուրքիայի լրատվամիջոցներում դրական ու բացասական մեկնաբանություններ էլ ենք տեսել: Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն էլ HDP-ի համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշին հայկական սփյուռքի հետ համաձայնության համար մեղադրեց: Ինչպես երևում է՝ մեր աջակցությունն ազդեցություն ունեցավ»,-ասել է Դեմիրճյանը:

Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է ազդեցիկ իրենց հայտարարությունը, Պետո Դեմիրճյանն ասել է. «Կարծում եմ՝ մենք ազդեցիկ կազմակերպություն ենք: Եվրոպայի հայ համայնքն ու հայկական կառույցներն ենք ներկայացնում: Թուրքիայում բռնության ենթարկված այլ փոքրամասնությունների ու խմբերի հետ տարբեր հարցերի շուրջ համագործակցում ենք: Այդ խմբերը Եվրոպայում, հատկապես՝ Արևմտյան Եվրոպայում մեծ սփյուռքն են ձևավորել»,-ասել է նա:

Scroll Up