«Զարթոնք» պարի խումբը ստեղծվել է դեռ 2011թ փետրվարից իմ նախաձեռնությամբ և տեղի հայ առաքելական եկեղեցու նախագահ Օնիկ Գելիչիի աջակցությամբ։ Պարի խմբի դասերը տեղի են ունենում ամեն կիրակի` եկեղեցուն կից սրահում։
Կան տարբեր դժվարություններ, օրինակ` ամեն կիրակի չէ, որ եկեղեցու սրահը ազատ է լինում, կամ պարի խմբի անդամները չեն կարողանում ամեն կիրակի բոլորը միասին հավաքվել։ Դա, ինչ խոսք, խոչնդոտում է նոր պարերի ուսուցմանն ու կատարելագործմանը։ Խմբում տղաների պակաս ունենք: Շատ կուզեինք, որ տղաները ևս ցանկություն հայտնեն խմբում ընդգրկվելու համար: Դժվարություններ ունենք կապված պարային հագուստների հետ, հատկապես ազգային տարազով ձևավորված հագուստներ ունենալու համար դիմել ենք Հայաստաննի շատ կազմակերպությունների, առայժմ ապարդյուն են այդ ջանքերը, զանազան պատճառաբանությունները գործին լուծում չեն տալիս:
Պարի խմբի անդամների միջոցներով մի կերպ լուծել ենք տարազներով հագուստներ ունենալու խնդիրը:
Չնայած այս և բազում այլ դժվարություններին «Զարթոնք» պարային խումբը կայացել է: Համերգներով հանդես ենք եկել տարբեր միջոցառումներին , մասնակցել Հայաստանից հրավիրված տարբեր երգիչ, երգչուհիների համերգներին, հայ առաքելական եկեղեցու կազմակերպած հանդիսություններին, Հայոց Ցեղասպանության հիշատակության արարողություններին։
«Զարթոնք»-ի անդամների խաղացանկը հագեցված է ազգային «Մշո քոչարի», «Լորկե», «Էջմիածին», «Ուզունդարա», «Ղարաբաղի եղնիկ», «Շատախի ռազմապար», «Ծիծեռնակաբերդ», «Տեր ողորմյա», «Կռունկ» և այլ պարերով:
Հայկական պարարվեստը իր բնույթով բազմազան է։ Բոլոր պարերն արտահայտոմ են մեր ժողովրդի կյանքն ու կենցաղը` երաժշտություն, շարժումներ և դիմախաղ,: Հենց այս արտահայտչաձևերով, իր ուրույն ոճով,«Զարթոնք»-ը փորձում է ներկայանալի լինել սփյուռքի մեր հայրենակիցներին:
«Զարթոնք» խոսում է պարի լեզվով:
Լլիլիթ Եղիազարյան
«Զարթոնք» պարային խմբի ղեկավար