ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ պատգամավոր Շանթ Չինչինյանին և լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալին

Հունիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Շանթ Չինչինյանին և լիբանանցի գործարար Նիկոլա Աբու Ֆեյսալին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց  Շանթ Չինչինյանի ավանդը՝ հայապահպանության, հայ-լիբանանյան հարաբերությունների ամրապնդման  և հայ համայնքի խնդիրների լուծմանն աջակցելու գործում:

Գերատեսչության ղեկավարը կարևորեց «Գարդենիա Լեբնիզ ֆարմս ՍՊԸ»-ընկերության հիմնադիր, լիբանանցի գործարար  Նիկոլա Աբու Ֆեյսալի՝ Հայաստանում պեկան տեսակի ընկույզի տնտեսություն հիմնելու, ինչպես նաև Հայաստանում նոր աշխատատեղեր ստեղծելու ծրագիրը:

Նախարարը հյուրերին ներկայացրեց 2015թ. նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և հորդորեց, որ լիբանանահայ երիտասարդներն առավել ակտիվ մասնակցություն ունենան Հայաստան-Սփյուռք կապերի մերձեցմանն  ուղղված միջոցառումներին:

Հայ պատգամավորը նախարարին ներկայացրեց լիբանանահայ համայնքում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընդգծեց հայոց լեզվի պահպանման և տարածման անհրաժեշտությունը՝ որպես ինքնության կարևոր գրավական:

Իր հերթին, գործարարը ներկայացրեց Կոտայքի մարզում առաջիկա գործունեության ծրագիրը: «Առաջին փուլում նախագծի համաձայն նախատեսում ենք տնկել 30 հազար պեկան ընկույզի ծառ՝ 100 հեկտար տարածքի վրա: Ծառերի արտադրողական կարողությունը 2020թ. կկազմի տարեկան 2000 տոննա, 2025թ. 3000 տոննա և կհասնի 5000 տոննայի, երբ ծառերը հասնեն ամբողջական արտադրողական կարողության»:

Նիկոլա Աբու Ֆեյսալին հավաստիացրեց, որ ծրագրի ամբողջական իրականացման դեպքում Հայասատնում 200- 500 ընտանիք կապահովվեն  աշխատանքով:

Գործարարը նշեց, որ նախագիծը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը:

Կողմերը քննարկեցին Հայաստանում ներդրումներ կատարելու և Հայրենիք-Սփյուռք գործարար կապերն առավել սերտացնելուն վերաբերող հարցեր:

02 03

Scroll Up