Ստամբուլի «Արմեն» մանկատունը կվերակառուցվի ու կընդունի տարբեր ազգի որբերի

Ստամբուլի հայկական «Արմեն» մանկատունը, որը վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում, հայ համայնքի ջանքերով հիմնովին կքանդվի և կվերակառուցվի:

Հայտնի է, որ վերջերս դրա սեփականատերը ցանկություն էր հայտնել մանկատունը քանդել ու դրա տեղն այլ շինություն կանգնեցնել, սակայն այժմ նա խոստացել է շենքը հանձնել հայ համայնքին:

Արցախպրեսը հայտնում է, որ hurriyetdailynews.com-ի փոխանցմամբ՝ Գեդիկփաշայի Հայ բողոքական եկեղեցու քահանա Գրիգոր Աղաբալօղլուն նշել է, որ մանկատան վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն անմիջապես համապատասխան արտոնագրի ստացումից հետո:

«Մանկատունն իր ներկայիս վիճակով չի կարող օգտագործվել: Ուստի մենք այն կքանդենք ու նույն ձևով կվերակառուցենք, և այս անգամ հաստատության դռները բաց կլինեն ոչ միայն հայ, այլև տարբեր ազգերի որբերի առջև»,- ասել է հոգևորականը:

Աղբյուրը հիշեցնում է, որ թուրքական կառավարությունն առգրավվել է մանկատունը 1987թ. և չնայած 2011թ. իշխանություններն այն հայ համայնքին վերադարձնելու որոշում են կայացրել, այնուհանդերձ, այդ որոշումն այդպես էլ կյանքի չի կոչվել:

 

Scroll Up