Հայաստանում տուրիստներին ամենաշատը շարունակում են հետաքրքրել Գառնին, Գեղարդն ու Սևանը
Հանրապետական փառատոնների ու բրենդների առկայությունը հանրապետությունում կնպաստի տուրիզմի զարգացմանը: Այս մասին հուլիսի 13-ին հրավիրված ասուլիսում ասաց «Армения туристическая» ամսագրի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը:
«Տուրիստական ոլորտում խնդիրները բազմազան են: Դրանցից առաջնայինը գիդերի պակասն ու տուրիստական փաթեթների գնային սանդղակն է»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ասաց Լիլիթ Հովհաննիսյանը:
Նրա դիտարկմամբ` բարձր են նաև հյուրանոցային ծառայությունների գները, որոնք հաճախ են խնդիրներ առաջացնում տուրիստների համար: Չնայած գնային սանդղակին, այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը քիչ չէ: «Նրանք հիմնականում Հայաստան են գալիս տեսնելու Գառնին, Գեղարդը, Սևանը, Էջմիածինը և այլ վայրեր: Հետաքրքիր են նաև հայկական եկեղեցիները, սակայն միայն դրանցով տուրիստներին Հայաստան բերելը շատ դժվար է. նրանք այլ հետաքրքրություններ նույնպես ունեն»,-նշեց նա:
«Армения туристическая» ամսագրի նպատակը Ռուսաստանից Հայաստան եկող զբոսաշրջիկների հոսքը խթանելն է: Այն ուղղված է
Ռուսաստանի տուրիստական գործակալություններին, որպեսզի նրանք Հայաստանն ընկալեն որպես տուրիստական երկիր: Այն ռուսալեզու է, սակայն նպատակ կա տպագրելու նաև անգլերեն լեզվով: