Դիարբեքիրի քաղաքապետարանում Թուրքիայում բնակվող հայերի մասին ֆոտո և վիդեո ցուցահանդես է բացվել

Հայաստանում և Թուրքիայում բնակվող լուսանկարիչների համատեղ ջանքերով Դիարբեքիրի քաղաքապետարանում բացված «Քողարկված ժամանակը» խորագրով ցուցադրությանը ներկայացվել է Թուրքիայում բնակվող հայերի մասին լուսանկարների ու տեսանյութերի շարք:

Թուրքական «diyarinsesi.org» կայքի հաղորդմամբ, գրում է ermenihaber.am-ը, տեսանյութերի և լուսանկարների 4-ական հավաքածու ներկայացնող ցուցադրությանը Թուրքիայից մասնակցում են «NarPhotos» և Հայաստանից «4PLUS» լուսանկարչական կոլեկտիվները: Ընդհանուր առմամբ ներկայացված են 20 լուսանկարիչների աշխատանքներ, որոնց թվում է նաև Թուրքիայում հրատարակվող  հայկական «Ակօս» շաբաթաթերթի ֆոտոլրագրող Բերգե Արաբյանի լուսանկարները:

Աշխատանքներն արվել են Ստամբուլ, Դիարբեքիր, Ուրֆա, Այնթապ, Քիլիս, Մուշ և Բաթման քաղաքներում, ինչպես նաև Երևանում: Դիարբեքիրի քաղաքապետարանի ցուցադրությունների սրահում բացված ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 7-ը:

Առաջիկա ամիսներին «Քողարկված ժամանակը» ցուցադրությունը նախատեսվում է անցկացնել նաև Ստամբուլում և Երևանում:

Scroll Up