Ֆրանսահայերի միջոցներով Տավուշի մարզում վերջին տարիներին գյուղատնտեսության զարգացման մի շարք ծրագրեր են իրականացվում

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից եւ աշխատակիցներից կազմված պատվիրակությունն իր հայաստանյան այցելությունների շրջանակներում այսօր եղավ Տավուշի մարզում` ծանոթանալու Հիմնադրամի ընթացիկ ծրագրերին:

Պատվիրակությունն այցելեց Խաչարձան գյուղ, որտեղ Հիմնադրամն իր արգենտինահայ բարերարներ Արտո եւ Հիլդա Կալչիյանների հովանավորությամբ վերակառուցում է համայնքի դպրոցը: Շնորհիվ գազամատակարարման եւ նորակառույց ջեռուցման համակարգի` կրթօջախում ուսումնական գործընթացը հարմարավետ պայմաններում կանցկացվի ողջ տարի:

Բարենորոգ դպրոցը` ամբողջովին կահավորված, սեպտեմբերին իր դռները կբացի գյուղի դպրոցականների առջեւ: UMCOR բարեգործական կազմակերպությունն էլ պտղատու ծառերով այգի է հիմնել դպրոցի հարակից տարածքում, ինչպես նաեւ անասուններ ու մեղվափեթակներ է նվիրում գյուղի 28 կարիքավոր ընտանիքներին:

Պատվիրակությունն այցելեց նաեւ Լուսաձոր համայնք` ծանոթանալու Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ հիմնված գյուղատնտեսական ֆերմայի գործունեությանը: Ֆրանսահայերի միջոցներով Տավուշի մարզում վերջին տարիներին գյուղատնտեսության զարգացման մի շարք ծրագրեր են իրականացվում:

Scroll Up