Թուրքագետ. Թուրքիան հանցագործի պես մաքրում է Ցեղասպանության հետքերը

Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, շարունակվում է «սպիտակ ջարդը»՝ մշակույթի մի ամբողջ շերտի ոչնչացումը։ Այս մասին ըստ News.am-ի՝ մայիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով ներկայումս Թուրքիայում հայերի ինքնության հանդեպ ճնշումներ են գործադրվում, նրանց թույլ չեն տալիս խոսել մայրենի լեզվով, զրկում են սեփական պատմությանը ծանոթանալու  հնարավորությունից։ «Ինչու՞ են ոչնչացնում մշակութային հուշարձանները։ Քանի որ այդպես նրանք մաքրում են հետքերը, որոնք հետագայում կարող են մեր պահանջների համար հիմք ծառայել։ Ամեն մի հանցագործ ուզում է մաքրել իր հանցագործության հետքերը»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Մյուս կողմից, նրա կարծիքով, յուրացնելով ցեղասպանության ենթարկված էթնիկ խմբի մշակութային արժեքները, նրանք օրինականացնում են իրենց գործողությունները, այսինքն՝ Ցեղասպանության պտուղներից օգտվելու իրենց «իրավունքը»։

Թուրքագետի կարծիքով՝ մշակութային ցեղասպանության առումով շատ դժվար է ապացուցել, որ այս կամ այն հուշարձանը դիտավորյալ է ոչնչացվել, այսինքն՝ իշխանությունների պատվերով։ «Այդ դեպքերում պետք է հետեւողական  լինել։ Մենք պետք է արձագանքենք ամեն նման դեպքի՝ օգտագործելով միջազգային կառույցները։ Չնայած այն հանգամանքին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայի վրա ազդելու լծակներ չունի, դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք։ Պետք է անընդհատ խոսել այդ մասին միջազգային հարթակում»,- եզրափակեց Անուշ Հովհաննիսյանը։

Scroll Up